ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Չեխիան մտադիր է հոգեբանական աջակցություն տրամադրել 44-օրյա պատերազմից տուժած ընտանիքներին։ Այսօր Երևանում հայտնեց Չեխիայի արտգործնախարար Յակուբ Կուլհանեկը` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ։
«Չեխիայի Հանրապետությունը շարունակում է աջակցել ադրբեջանա–հայկական բանակցային գործընթացը խաղաղ կարգավորման հանգեցնելու ուղղությամբ։ Չեխիայի Հանրապետությունն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքներին»,– ասաց չեխ նախարարը։
Այս համատեքստում Կուլհանեկը ողջունեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո սեպտեմբերին Նյու Յորքում կայացած ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը։
Չեխ պաշտոնյան նաև հայտնեց, որ հաջորդ ամիս Երևանում 3 տարվա ընդմիջումից հետո նախատեսվում է անցկացնել հայ–չեխական միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Կուլհանեկը հույս հայտնեց, որ այն կնպաստի հայ–չեխական համագործակցության ամրապնդմանը։
Հիշեցնենք` Կուլհանեկը Հայաստան է եկել աշխատանքային այցով։ Այցի շրջանակում նրան կընդունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։