ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուհանեկի գլխավորած պատվիրակությանը:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ վարչապետը կարևորել է Չեխիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և նշել, որ առկա է համագործակցության ընդլայնման չօգտագործված մեծ ներուժ: Փաշինյանը հույս է հայտնել, որ Կուհանեկի այցի արդյունքում այդ չօգտագործված ներուժից ևս մեկ բաժին կիրացվի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուհանեկին
Յակուբ Կուհանեկը նշել է, որ Չեխիան ևս առանձնակի կարևորում է Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների ընդլայնումը, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում:
Չեխիայի ԱԳ նախարարի խոսքով`իր պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել նաև չեխ գործարարներ, ինչը կնպաստի երկկողմ բիզնես կապերի խորացմանն ու համատեղ ներդրումային ծրագրերի քննարկմանը և իրականացմանը:
Զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Եվրոպական միության կողմից Հայաստանին հատկացվելիք 2,6 մլրդ դրամի ներդրումային փաթեթի կարևորությունը և վստահություն հայտնել, որ դրա շրջանակում նախատեսվող ծրագրերում ևս Հայաստանի ու Չեխիայի կառավարությունները կարող են սերտորեն համագործակցել:
Վարչապետը հավելել է, որ հայկական կողմը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացը և ողջունել Նյու Յորքում ՄԽ համանախագահության շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
Փաշինյանը կարևորել է ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումն ու Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի իրացմամբ:
Յակուբ Կուհանեկը Չեխիայի աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին և նշել ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Հանդիպման ավարտին Չեխիայի ԱԳ նախարարը վարչապետ Փաշինյանին է փոխանցել իր երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշի՝ Չեխիա այցելելու հրավերը: Նիկոլ Փաշինյանը սիրով ընդունել է հրավերը և իր ջերմ ողջյունները փոխանցել Անդրեյ Բաբիշին: