Արտակ Դավթյանին հարցաքննության կկանչեն Դավիթ Տոնոյանի գործով. «Ժողովուրդ»

Թերթը գրում է, որ դատական ու իրավապահ համակարգում տարածված խոսակցությունների համաձայն՝ Վճռաբեկը կալանքի չի տանի Պատրոն Դավոյին, քանի որ նրա համար իշխանության մոտ բարեխոսել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) դեմ հարուցված քրեական գործով հարցաքննության կհրավիրի նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին։
«Ու չի բացառվում, որ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով մեղադրանք առաջադրվի նաև նրան»,– գրում է թերթը:
Ըստ պարբերականի` դատական ու իրավապահ համակարգում տարածված խոսակցությունների համաձայն՝ Վճռաբեկը կալանքի չի տանի Պատրոն Դավոյին, քանի որ նրա համար իշխանության մոտ բարեխոսել են, և դեռ ավելին՝ վերջինիս եթե կրկին կալանքի տանեն, ապա նրա հետևից «գնալու են» ՊՆ ներկայումս աշխատող մի շարք պաշտոնյաներ՝ ի դեմս ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և այլ պաշտոնյաների:
Նոր մեղավորների փնտրտուք․ ի՞նչ է արել նախկին նախարարը ՀՀ իշխանություններին
Թերթը հիշեցնում է, որ Դավիթ Գալստյանը կալանքի տակ էր փետրվարի 2-ից և ազատ արձակվեց մայիսի 17-ին. նրան մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախարարությանը 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկերի փոխարեն 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր մատակարարելու համար, որը էապես զիջել է մարտավարական հատկանիշներով: Այդ ապրանքը մատակարարվել է ԳՇ պետ Արտակ Դավթյանի ստորագրությամբ։ Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը նշել է, որ Դավիթ Տոնոյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, և դեռ ավելին՝ ցուցմունք չի տալիս:
Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` Դավիթ Տոնոյանն ու Դավիթ Գալստյանը 2 ամսով կալանավորվել են։