Արարատ Միրզոյանը հուսով է` Երևան–Պրահա ուղիղ ավիաչվերթը իրականություն կդառնա մոտ ապագայում

Արարատ Միրզոյան
ՀՀ արտգործնախարարը հայ–չեխական տնտեսական համագործակցության հավանական ոլորտներ է համարում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, ֆինանսավարկային, զբոսաշրջության, գյուղատնտեսության, առողջապահության, թափոնների կառավարման բնագավառները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Այսօր Երևանում անցկացվող հայ–չեխական գործարար համաժողովը լավ առիթ է ոչ միայն տնտեսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու, այլև տնտեսական դիվանագիտության մասին խոսելու համար։ Համաժողովի բացման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանի ԱԳ նախարարության աշխատանքի կարևոր ուղղություններից է տնտեսական դիվանագիտության մեխանիզմների արդիականացումն ու դրանք կյանքի կոչելը»,– ասաց նա։
Միրզոյանը խոստացավ ապահովել բոլոր պայմանները, որպեսզի չեխ գործարարներն ու ներդրողներն ավելի ակտիվ ներգրավվեն Հայաստանում։
Միրզոյանը և Իրանի դեսպանը քննարկել են իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհահատվածում
«Հայաստանի անդամակցությունը 180.8 մլն և 1.8 տրիլիոն ՀՆԱ ունեցող ԵԱՏՄ–ին, GSP+ առևտրային ռեժիմը` ԵՄ–ի ու GSP ռեժիմը` ԱՄՆ–ի, Ճապոնիայի, Կանադայի, Նորվեգիայի ու Շվեյցարիայի հետ լրացուցիչ խթան են Հայաստանում ներդրումային գրավչության ու գործընկերների հետ արդյունավետ համագործակցության համար»,– ասաց Միրզոյանը։
Նախարարը հայտնեց, որ անգամ համաճարակի շրջանում Չեխիայի հետ տնտեսական հարաբերություններում որոշակի առաջընթաց է գրանցվել, բացի այդ, նրա գնահատմամբ, առկա է հսկայական չօգտագործված ներուժ, որի իրացման համար հարկավոր է նպատակային աշխատանք իրականացնել։
Որպես համագործակցության առավել հավանական ոլորտներ Միրզոյանը նշեց բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, ֆինանսավարկային, զբոսաշրջության, գյուղատնտեսության, առողջապահության, թափոնների կառավարման բնագավառները։

«Կարևոր ենք համարում նաև Երևան–Պրահա ուղիղ ավիաչվերթեր իրականացնելու հնարավորությունը։ Սա ևս խթան կհանդիսանա գործարար կապերի առավել ակտիվացման ու զբոսաշրջության զարգացման համար»,– ասաց Միրզոյանը` հույս հայտնելով, որ ուղիղ չվերթը Չեխիայի ու Հայաստանի մայրաքաղաքների միջև իրականություն կդառնա մոտ ապագայում։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Չեխիայի առևտրի պալատի և Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան հետ համատեղ այսօր Երևանում կազմակերպել են հայ-չեխական գործարար համաժողով։
Համաժողովն անցկացվում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկի այցի շրջանակում, որի ընթացքում տեղի ունեցան նաև B2B ձևաչափով հանդիպումներ:
Բացման խոսքով հանդես եկան Արարատ Միրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարար Յակուբ Կուլհանեկը։
Չեխական կողմից համաժողովին մասնակցում են 13 կազմակերպություն, հայկական կողմից` ավելի քան 30։