Սևանի համայնքները կանցնեն կաթիլային ոռոգման. կառավարությունը հաստատեց 2022թ-ի ծրագիրը

Հաջորդ տարի Սևանա լճի շրջակայքում կտնկվի 5 հեկտար անտառաշերտ` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ուժերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների» 2022 թ–ի տարեկան ծրագիրը:
Սևանից 245 մլն մ³ ջուր բաց կթողնվի. փոխադարձ մեղադրանքներից հետո ԱԺ–ն հաստատեց
Ծրագրով նախատեսվում է հաջորդ տարի Սևանա լճի առափնյա տարածքում գտնվող շուրջ 2400 հանգստի ու սննդի օբյեկտներում կառուցել ու շահագործել կոյուղու և կենցաղային հոսքաջրերի կենսաբանական մաքրման կայաններ։ Իսկ Սևանա լճի հարակից համայնքներում կներդրվի կաթիլային ոռոգման ցանց, որը հնարավորություն կտա սակավ և սահմանափակ քանակությամբ ջրային ռեսուրսներով իրականացնել արդյունավետ ոռոգում` հնարավորինս նվազեցնելով Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողումը։
Միաժամանակ նախատեսվում է Սևանա լճում իրականացնել մշտադիտարկում` դրա ջրհավաք ավազանի գետերի աղտոտվածության, ջրհավաք ավազանում` հիդրոկենսաբանական և հիդրոօդերևութաբանական, ինչպես նաև` ստորերկրյա ջրերի աղտոտվածության։
«Սևան» ազգային պարկը մեկ ամսից սեփական տեխնիկա կունենա լիճը մաքրելու համար. նախարար
Նախատեսվում է նաև Սևանում գործող ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսության գործունեության հետևանքով կենսածին տարրերի (ֆոսֆոր, ազոտ) քանակի հաշվարկում և Սևանա լճի էկոհամակարգի վրա դրանց ազդեցության գնահատում։
2022թ–ին կառավարությունը նախատեսում է նաև «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի համար անհրաժեշտ տեխնիկա գնել` ջրածածկ և ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման գործընթացն ապահովելու նպատակով ։ Իսկ հատված անտառաշերտի փոխարեն Սևանա լճի շրջակայքում արդեն հաջորդ տարի կտնկվի 5 հեկտար անտառաշերտ` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ուժերով։