Սահմանամերձ 23 համայնք ու 81 բնակավայր 1.1 մլրդ դրամ աջակցություն կստանան

Սոթքի բնակիչները. Արխիվային լուսանկար
Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման ծրագիրն ամենամյա է։ Առաջին ծրագիրը կառավարությունը հաստատել էր 2014 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2022 թվականի ծրագիրը, որի նպատակն, ըստ հեղինակների` սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելն ու կենսապայմանները բարելավելն է։
Ծրագրով նախատեսվում է մասնակի փոխհատուցել սահմանամերձ համայնքների բնակիչների սպառած գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի վարձավճարները և ամբողջապես փոխհատուցել անշարժ գույքի հարկը։
Գեղարքունիքի սահմանամերձ բոլոր գյուղերը կմիավորվեն մեկ համայնքում
Այդ նպատակով 2022թ–ի բյուջեով կհատկացվի 1 155 205 800 դրամ։ Աջակցություն կստանան սահմանամերձ 23 համայնք ու 81 բնակավայր։
Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման ծրագիրն ամենամյա է։ Դրանով ամեն տարի սահմանվում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը:
Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման առաջին ծրագիրը կառավարությունը հաստատել է 2014 թվականին։