Խնդիրը ՌԴ–ի ուշադրության կենտրոնում է. ինչի՞ մասին են խոսել ՌԴ դեսպանն ու Հակոբ Արշակյանը

Սերգեյ Կոպիրկինն ու Հակոբ Արշակյանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ու Հայաստանում Ռուսաստանի դեսպանը մի շարք հարցեր են քննարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ու Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօրվա հանդիպման ընթացքում անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ու գերիների խնդրին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Արշակյանը, շնորհակալություն հայտնելով ռուսական կողմի ցուցաբերած աջակցության համար, բարձրաձայնել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հրատապ կարգավորման հարցը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը պետք է անհապաղ վերադարձնի ռազմագերիներին և պահվող այլ անձանց՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Դեսպանն իր հերթին նշել է, որ խնդիրը ՌԴ իշխանությունների ուշադրության կենտրոնում է»,– ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԺ փոխնախագահը երկու երկրների դաշնակցային և ռազմավարական հարաբերություններում կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը, անդրադարձել միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությանն ու պատվիրակությունների համատեղ աշխատանքին:
Այս համատեքստում Արշակյանը նշել է, որ շուտով կկազմավորվեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունները և առաջիկայում կմասնակցեն վեհաժողովների նիստերին:
Հիմա առավել կարևոր է հայ-ռուսական կապերը խորացնելը. Միրզոյանն ընդունել է Կոպիրկինին
Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա գործունեությանը, կարևորել խորհրդարանական հանձնաժողովների համատեղ աշխատանքը, խոսել իշխող կուսակցությունների միջև կապերի ընդլայնման մասին:
2022 թվականին լրանում է Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Կողմերը քննարկել են նաև այդ կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների օրակարգին առնչվող հարցեր: