ՀՀ–ն արժևորում է Մակրոնի աջակցությունը. Արմեն Սարգսյանն ու նոր դեսպանը հանդիպել են

Ֆրանսիայի դեսպանն ու Արմեն Սարգսյանը
Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը Արմեն Սարգսյանին է փոխանցել Էմանուել Մակրոնի ջերմ ողջույնները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Արմեն Սարգսյանն ու Ֆրանսիայի դեսպանը
«Ուրախ եմ Ֆրանսիան ներկայացնել մի երկրում, որի հետ իմ երկիրն առանձնահատուկ հարաբերություններ ունի: Կանեմ ամեն ինչ՝ ավելի զարգացնելու երկկողմ կապերը»,- նշել է նորանշանակ դեսպանը և նախագահ Սարգսյանին փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջերմ ողջույնները:
Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ երկուստեք ջանքերով հայ-ֆրանսիական արդեն իսկ ընդգրկուն օրակարգը կհարստացվի նոր գաղափարներով և նախաձեռնություններով:
Ֆրանսիայի դեսպանն ու Արմեն Սարգսյանը
Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի և Ֆրանսիայի՝ դարերի խորքից եկող բարեկամությունը, մեր պետությունների առանձնահատուկ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և փոխվստահությունը լուրջ հիմք են հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացման համար:
Հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանն արժևորում է մեր երկրի համար ծանր ու դժվարին օրերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ֆրանսիայի ժողովրդի աջակցությունն ու համերաշխությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական համագործակցության տարբեր ոլորտներին: Նախագահ Սարգսյանը հեռանկարային է դիտարկել գործակցությունը նորագույն տեխնոլոգիաների բնագավառում: Նա ներկայացրել է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը, որը, լինելով ապագային միտված ծրագիր, կենտրոնանալու է երկրի գիտատեխնոլոգիական, կրթական զարգացման վրա: Համագործակցության վերաբերյալ արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ կան նաև ֆրանսիական մի շարք խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների հետ:
«Հայաստանը Ֆրանսիայի աջակցությամբ կարող է կառուցել ապագայի լոկոմոտիվները, դրանք տեխնոլոգիական լոկոմոտիվներն են»,-նշել է նախագահը:
Խոսվել է նաև կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հավակնոտ ծրագրերի իրականացման մասին, որոնց միջոցով, ինչպես նշել է դեսպանը, ֆրանսիական կողմը պատրաստ է Հայաստանում ներդնել իր փորձը:
Ֆրանսիայի դեսպանը