Հայաստանում կանխիկ վճարումներն ու գործարքներն էապես կսահմանափակվեն

2022 թվականից սկսած՝ ավելի քան 300 հազար դրամի գնումներն անկանխիկ են դառնալու, իսկ 2024 թվականից սկսած՝ նաև բոլոր աշխատավարձերն ու վճարումները հիվանդանոցներում և բուհերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Կանխիկ վճարումներն ու գործարքները Հայաստանի տարածքում էապես կսահմանափակվեն։ Տեղեկությունը նշված է «Անկանխիկ գործարքների մասին» օրինագծում ու հարակից նախագծերի փաթեթում, որը հավանության է արժանացել ՀՀ կառավարության նիստում ու ներկայացվել խորհրդարանի քննարկմանը:
Կենսաթոշակների վճարման քարտային համակարգը հետաձգվեց. թոշակառուն ընտրելու ժամանակ կունենա
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը կառավարության նիստում ասաց, որ 2022 թվականի հունվարի 1-ից հանրապետությունում բոլոր բիզնես գործարքները, ինչպես նաև 300 հազար դրամը գերազանցող ապրանքների մանրածախ վաճառքները պետք է կատարվեն անկանխիկ:
Անկախ չափերից՝ անկանխիկ վճարվելու են աշխատավարձերը, կրթաթոշակները, բժշկական ծառայությունների վճարներն ու ուսումնական վճարները բուհերում և մասնավոր դպրոցներում՝ հետևյալ ժամանակացույցով. 2022 թվականի հունվարի 1-ից՝ Երևանում, 2023-ից՝ մարզկենտրոններում, 2024–ից՝ ամբողջ Հայաստանում։ Կանխիկ աշխատավարձը կվճարվի միայն հատուկ դեպքերում (դիմումի հիման վրա, եթե աշխատողը հաշմանդամ է):
Ինչ վերաբերում է կենսաթոշակներին ու նպաստներին, ապա այստեղ անկանխիկ վճարումների համար կատարվում են հաշմանդամության ու տարիքի բացառություններ (եթե թոշակառուն 70 տարեկանից մեծ է):
Երևանում, Գյումրիում և Վանաձորում թոշակներն ու նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով
Ի վերջո, անկանխիկ են դառնում նաև 500 հազար դրամը գերազանցող ֆիզիկական անձանց միջև գործարքները (առուվաճառք, վարձակալություն և այլն), եթե գործարքը գրանցման մեջ փոփոխություններ է ենթադրում (օրինակ, եթե խոսքը մեքենաների մասին է): 2023 թվականից այդ շեմը կկրճատվի մինչև 300 հազար։
Ինչ վերաբերում է ֆինանսական հատվածին, ապա անկանխիկ կվճարվեն նաև 300 հազար դրամը գերազանցող բանկային ավանդների տոկոսները, ինչպես նաև վարկերը՝ անկախ չափից (բացառությամբ մինչև 20 հազար դրամ լոմբարդային վարկերը) ու ապահովագրական հատուցումները: