ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի շախմատի կանանց ազգային հավաքականը աշխարհի թիմային առաջնության քառորդ եզրափակիչի առաջին խաղում 3:1 հաշվով հաղթեց Ուկրաինայի ընտրանուն:
Հաղթական միավորներ գրանցեցին Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը` պարտության մատնելով Աննա Մուզիչուկին և Աննա Ուշենինային:
Աշխարհի թիմային առաջնության կանոնների համաձայն` թիմերը երկու հանդիպում կանցկացնեն փլեյ-օֆֆ փուլում: Ոչ-ոքիի դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեյքով:
Մրցաշարին մասնակցում են աշխարհի 12 ամենաուժեղ թիմերը, որոնք բաժանված են 2 խմբի, յուրաքանչյուրում` 6 թիմ:
Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս Եվրոպայի գործող չեմպիոն Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը: