Այս պահին քաղաքական որևէ բևեռի մասին քննարկում չի եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով մամուլում տարածված լուրերը, թե արտախորհրդարանական որոշ գործիչներ պլանավորում են նոր քաղաքական միավոր ստեղծել։
«Կան ինտենսիվ հանդիպումներ, իմ կարծիքով` գրագետ, պատրաստված, երկրի ապագայով մտահոգ, խելացի, կրեատիվ լուծումներ առաջարկող տարբեր գործիչների հետ։ Ինչ կստացվի այդ հանդիպումներից` այս պահին չեմ կարծում, որ պետք է «Կիկոսի մահը» սարքել ու ինչ–որ կանխատեսումներ անել»,- ասաց նա։
Զոհրաբյանի խոսքով` հանդիպումների ընթացքում քննարկում են ինչպես ներքաղաքական, այնպես էլ տարածաշրջանային հարցեր։ Սակայն քննարկումների առանցքում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն են։
Արտախորհրդարանական քաղաքական ուժերի խոշորացույցի տակ է նաև խորհրդարանական ընդդիմության աշխատանքը, որը ինչպես Զոհրաբյանին, այնպես էլ մյուս գործընկերներին չի գոհացնում։
Նրա խոսքով` հասկանալի չէ, թե ինչով են այսօր զբաղված ընդդիմադիրները, երբ ասպարեզ մտան օրվա իշխանություններին հեռացնելու խոստումով։ Արդյունքում` ձախողեցին իրենց օրակարգը, ավելին` լեգիտիմացրին Փաշինյանի իշխանությունը։
«ԱԺ արտահերթ ընտրությունները մեծ հաղթանակ չէ, քանի որ դրանք հանգեցրին նրան, որ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց իր լեգիտիմությունը։ Եթե իրենց նպատակը Փաշինյանին «դաբլ» լեգիտիմություն տալը և ուժեղացնելն էր, ապա իրենք հաջողել են։ Կարծում եմ, որ սխալ էր արտահերթ ընտրությունների գնալը, այն ժամանակ ես այդպես չէի մտածում և անհարմար չէ սեփական սխալներն ընդունելը»,- հավելեց Զոհրաբյանը։
Հիշեցնենք` այսօր մամուլում լուրեր տարածվեցին, որ մի խումբ ակտիվ ընդդիմադիր գործիչներ քննարկում են նոր քաղաքական ֆորմատ ձևավորելու հարցը։ Hraparak.am-ի տեղեկություններով՝ շաբաթը երեք-չորս անգամ Նարեկ Սամսոնյանի գրասենյակում են հավաքվում նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը և քննարկում են ընդդիմադիր նոր ֆորմատով հանդես գալու հարցը։