ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Զոհված, անհետ կորած կամ գերեվարված զինծառայողների ծնողներից խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու համար դատի են տվել 8 անձանց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը` ամփոփելով հրադադարից հետո անհետ կորած, զոհված, ինչպես նաև գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներից, հարազատներից խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքերը:
Նշվում է, որ անձինք տարբեր եղանակներով կապեր են հաստատել զոհված, անհայտ կորած համարվող կամ Ադրբեջանում գերության մեջ գտնվող զինվորների ծնողների, հարազատների հետ և ներկայացել որպես բարձրաստիճան զինվորականներ կամ ՀՀ ԱԱԾ-ի, այլ երկրի անվտանգության ծառայություններ ներկայացուցիչների հետ սերտ կապեր ունեցողներ: Շահելով ծնողների, հարազատների վստահությունը՝ նրանք հավաստիացրել են, թե իբր հստակ տեղեկություններ ունեն նրանց որդու ողջ լինելու մասին և գումարի, կաշառքների դիմաց կարող են ապահովել գերության մեջ գտնվողի բուժումը, գերությունից ազատումը։
Որոշ դեպքերում նրանց հաջողվել է ստանալ առաջարկված խոշոր չափերի գումարների մի մասը, սակայն մեծամասամբ այդ արարքները մինչև վերջ իրականացնել չեն կարողացել, քանի որ բռնվել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից:
Գերության մեջ գտնվող, անհետ կորած կամ զոհված անձանց հարազատներից վերոնշյալ սխեմայով հափշտակություններ կատարելու փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի` խարդախության հատկանիշներով հարուցվել է 12 քրգործ:
9 քրեական գործով 9 անձի նկատմամբ առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից 8-ին կալանավորել են, իսկ 1-ին ազատ արձակել ստորագրությամբ։ Եվս 8 քրեական գործ՝ 8 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացություններով, ուղարկվել է դատարան։