ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) անժամանակ մահվան կապակցությամբ` նշելով, որ խոր ցավ է ապրում այդ լուրից, տեղեկանում ենք կառավարության մամուլի ծառայությունից։
«Նա հայ ժամանակակից երգարվեստի վառ ներկայացուցիչներից էր և իր գործունեությամբ վաստակել է ժողովրդական սեր ու հարգանք: Նրա ստեղծագործությունները սիրված են ժողովրդի կողմից, իսկ հեղինակած ռոմանսները հայ երգարվեստի հարուստ ժառանգության մեջ զբաղեցնում են իրենց ուրույն տեղը»,–նշել է Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ Հայկոյի երաժշտությունը հնչել է նաև հայկական ժամանակակից մի շարք ֆիլմերում, որոնք մեծապես նպաստել են հայ կինոյի զարգացմանը:
«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում երգչի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին ու նրա արվեստի երկրպագուներին»,–ասված է վարչապետի ցավակցական հեռագրում:
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր կյանքի 48–րդ տարում մահացել է երգիչ, կոմպոզիտոր Հայկոն։ Նրա մահվան պատճառը կորոնավիրուսն է։