ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. 2021 թվականի 9 ամիսների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ստացվել երեխաների իրավունքների վերաբերյալ 485 գրավոր և բանավոր դիմում-բողոք 753 անձից, տեղեկացնում է ՄԻՊ լրատվականը։
Նշվում է, որ դիմում-բողոքները հիմնականում վերաբերել են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեությանը, երեխայի՝ ծնողի հետ շփվելու իրավունքի իրացմանը, երեխայի կրթության իրավունքի իրացման ապահովմանը և այլն:
Պաշտպանին են հասցեագրվել ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթների ընթացքում երեխաների լավագույն շահերով չառաջնորդվելու, կատարողական թերթի պահանջների պատշաճ կատարումը չապահովելուն վերաբերող դիմում-բողոքներ:
Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեությանը վերաբերող բողոքներով բարձրացված խնդիրներն ունեն համակարգային բնույթ և տարիներ շարունակ չեն ստանում լուծում: Խնդիրները հիմնականում վերաբերում են ԽՀՀ-ների կողմից անգործություն ցուցաբերելուն, նրանց կողմից իրենց լիազորությունները ոչ պատշաճ իրականացնելուն, տրված եզրակացությունների և կայացված որոշումների իրավաչափությանը, ինչպես նաև վերջիններիս կողմից երեխայի՝ իր ծնողի, տատերի, պապերի և այլ ազգականների հետ շփվելու, ծնողների դաստիարակությունը ստանալու իրավունքների իրացումը չապահովելուն կամ ոչ պատշաճ ապահովելուն:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, օրենքով սահմանված կարգով, պատշաճ ընթացք է տրվել ստացված դիմում-բողոքներին՝ ապահովելու համար դրանցով բարձրացված համակարգային և անհատական բնույթի խնդիրների հնարավոր լուծումը, ինչպես նաև հետագայում նման խնդիրների բացառումը:
Դիմում-բողոքների ուսումնասիրության և քննարկման ընթացքում Պաշտպանի աշխատակազմը համագործակցել է պետական և տեղական ինքնակառավարման իրավասու մարմինների հետ:
Բացի այդ, Պաշտպանը տվյալ մարմիններից, ըստ անհրաժեշտության, պահանջել է պարզաբանումներ բարձրացված խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև օրենքով սահմանված կոնկրետ միջոցների ձեռնարկում: