Մեր պետական կառույցների հանգստությունից չի երևում, որ տարածաշրջանում տագնապ կա. Բալասանյան

Sputnik
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներին և Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերներին։
Մեր տարածաշրջանում իրավիճակն արմատապես փոխվել է, խաղացողները սկսել են բաց խաղալ, տարածաշրջանն ամեն օր եռում է, մեր սահմանների անմիջական հարևանությամբ պարբերաբար անցկացվում են թուրք–ադրբեջանական հարձակողական բնույթի զորավարժություններ, իսկ մեր պետական կառույցների հանգստությունից չի երևում, որ տագնապ կա, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Իշխանությունները ներքին պայմանավորվածություններ ունեն. Օհանյանը` խաղաղության գնալու մասին
Նրա կարծիքով` ՆԱՏՕ–ի անդամ երկիրը, ի դեմս Թուրքիայի, առաջին անգամ բացեիբաց մասնակցեց արցախյան պատերազմին, և առաջին անգամ մենք բախվեցինք շատ լուրջ խնդիրների, ինչին պատրաստ չէինք մարտավարական տեսանկյունից։
«Մենք անհասկանալի պատճառներով չսեղմեցինք, օրինակ, արաբական աշխարհից մեզ պարզված ձեռքը, մինչդեռ կարելի էր օգտագործել արաբական գործոնը Թուրքիային զսպելու համար, քանզի այդ երկիրը կհայտնվեր բարդ իրավիճակում, եթե իրանական գործոնին համադրվեր նաև արաբականը։
Ավելին` Հայաստանը 2020 թվականին հունիսի 10-ին միացավ կրոնական ազատությունների խարտիային, որն անուղղակի կերպով կոչվում է հակաչինական բլոկ, հետևաբար դրանով կարելի է բացատրել այն հանգամանքը, որ նաև Չինաստանը լռություն պահպանեց արցախյան պատերազմի օրերին։ Այնպես որ աշխարհաքաղաքականության ասպարեզում առկա գործընթացների առթիվ մեր իշխանությունն անհրաժեշտ հետևություններ չի արել»,– նշեց միջազգայնագետը։
Էրդողանը Պուտինի հետ կայացած երկխոսությունն արդյունավետ է համարում
Բալասանյանի համոզմամբ` ռուս խաղաղապահների առկայության պարագայում Ալիևն արդեն կորցրել է Լեռնային Ղարաբաղն ուժով հետ բերելու հնարավորությունը և ադրբեջանցիների մոտ առկա էյֆորիան, թե իրենք հաղթել են, աստիճանաբար անցնելու է։
Ըստ նրա` տարածաշրջանի երկրները վերանայելու են իրենց արտաքին քաղաքականությունը և վերափոխելու են ռազմական դոկտրինը։ Միջազգայնագետի գնահատմամբ` Հայաստանը որոշ չափով դարձավ նաև աշխարհաքաղաքական խարդավանքերի զոհը, բայց միշտ չի լինելու զոհի դերում։ ու եթե անընդհատ խոսվում է խաղաղության պայմանագիր կնքելու մասին, ապա պետք է հասկանանք, թե ինչ պայմաններով է այդ համապարփակ փաստաթուղթը ստորագրվելու և բխելու՞ է արդյոք մեր կենսական շահերից։