Ինչու են հայկական բեռնատարները «գերի ընկել» Վրաստանում. պարզաբանում է Թանանյանը

Բեռնատարներ
ՀՀ մաքսային կցորդը վստահեցնում է, որ կողմերն ամեն ինչ անում են հարցը լուծելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Մի քանի հարյուր տրանսպորտային միջոց, որոնց թվում նաև հայկական բեռնատարներ կան, մնացել են Վերին Լարսի անցակետով դեպի ԲԿԱԱ (բազմակողմ ավտոմոբիլային անցակետ) տանող ճանապարհին (Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհահատված):
Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը Sputnik Արմենիային ասաց, որ պատճառը ոչ թե եղանակն է, այլ տրանսպորտային միջոցների մեծ հոսքը:
«Հիմա մեծ կուտակումներ են վրացական կողմում։ Պատճառը հիմնականում Թուրքիայից Լարսով Ռուսաստան գնացող մեքենաների ներհոսքն է»,-պարզաբանեց Թանանյանը։
"Կյանքի ճանապարհ"` Հայաստանի, "դարի նախագիծ" Վրաստանի համար. ինչ կտա նոր ճանապարհը
Նրա խոսքով՝ կողմերն ամեն ինչ անում են հարցը լուծելու համար։ Նա նշեց, որ երկու ուղղություններով նման խցանումները շարունակական բնույթ ունեն, քանի որ անցակետի թողունակությունը տեխնիկապես սահմանափակ է: ԲԿԱԱ-ի թողունակությունը օրական 100 բեռնատար և նույնքան մարդատար ավտոմեքենա է, բայց հիմա միայն Վրաստանից Ռուսաստան մաքսավորները ներս են թողնում շուրջ 430 բեռնատար և 250 մարդատար տրանսպորտային միջոց:
Վրաստանը սկսում է Լարս տանող թունել կառուցել. ինչ կփոխվի հայ բեռնափոխադրողների կյանքում
Թանանյանը նշեց, որ ռուսական կողմը աշխատանքներ է կատարում անցակետի վերակառուցման ուղղությամբ։ Սակայն մեծ խցանումներից խուսափելու համար շինարարներին միայն մեկ գիծ է հատկացվել աշխատելու համար։
Թե խցանման մեջ մնացած մեքենաների քանի տոկոսն է հայկական, առայժմ դժվար է ասել։ Երկու ուղղությամբ օրական անցնում է շուրջ 150 հայկական տրանսպորտային միջոց։
Հայաստանից Ռուսաստան բեռների համար "կանաչ միջանցքը" կարող է գործարկվել 2022 թվականին
Ինչ վերաբերում է թուրքական բեռնատարներին, ապա, ամենայն հավանականությամբ, մեծ հոսքը կապված է այն բանի հետ, որ Լարսով անցնող ճանապարհը կարճ է և ավելի էժան, քան Ադրբեջանի «Կարմիր կամրջով» և Դաղստանով Ռուսաստան տանող ճանապարհը: Այդ պատճառով թուրքական փոխադրողները հենց Վերին Լարսն են ընտրում։
Վրաստանում Հայաստանի դեսպանությունն իր հերթին հայտնում է, Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների մեծ ծավալի, ինչպես նաև ՌԴ Վերին Լարս անցակետում ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի հատվածում առաջացել են բեռնատար մեքենաների կուտակումներ։
Կուտակումներից խուսափելու նպատակով բեռնափոխադրողները հնարավորության դեպքում կարող են Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետի փոխարեն բեռնափոխադրումներն իրականացնել Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետով։