ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նախարարը դեսպանին ասել է, որ Ղազախստանի հետ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը շարունակական բնույթ է կրում, իսկ ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում գտնվելու հանգամանքը էապես մեծացնում է համագործակցությունը զարգացնելու, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։
Նա դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության ուղղությունները, որոնք միտված են զարգացնելու բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը Հայաստանում։ Նախարարի խոսքով՝ ներկայում տնտեսության բոլոր ուղղությունները կապված են տեխնոլոգիաների հետ, ուստի բարձր տեխնոլոգիաների առաջընթացն առանցքային դերակատարություն ունի երկրի տնտեսության զարգացման ճանապարհին։
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը
Բոլատ Իմանբաևն էլ նախարարին է ներկայացրել Ղազախստանի տնտեսական առաջընթացի ուղղությամբ իրականացված մի շարք ծրագրեր, անդրադարձել տեխնոլոգիական ոլորտում նախարարության հետ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններին, պատրաստակամություն հայտնել առաջիկայում դրանք առավել զարգացնելու և ընդլայնելու։
Վահագն Խաչատուրյանն ընդգծել է հատկապես տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում Ղազախստանի ունեցած մեծ փորձը, որի շրջանակներում գործակցությունը կնպաստի մեր երկրում այդ ոլորտի զարգացմանը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկու նախարարների միջև նախատեսվող առցանց հանդիպման ընթացքում առավել գործնական քննարկել նախանշված համագործակցության հնարավորությունները։