ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկ Հակոբյանի (Հայկո) մահվան կապակցությամբ։
«Մեր երաժշտական աշխարհը կորցրեց մի վառ անհատականություն, որն աչքի էր ընկնում ինքնատիպությամբ ու յուրահատուկ ճաշակով, ինչի վկայությունը հանրության կողմից սիրված նրա ստեղծագործություններն են: Հայկ Հակոբյանի երգն ու երաժշտությունը մեղեդու և հնչյունի այն երկխոսությունն էր, որ միշտ մնալու է նրա արվեստի երկրպագուների սրտերում»,–ասված է նախագահի ցավակցական հեռագրում:
Սարգսյանն ափսոսանքի խոր զգացումով ցավակցության ու մխիթարանքի խոսքեր է հղել Հայկ Հակոբյանի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին ու ընկերներին։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր կյանքի 48–րդ տարում մահացել է երգիչ, կոմպոզիտոր Հայկոն։ Նրա մահվան պատճառը կորոնավիրուսն է։