ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյաննը արժանացել է «Grand Prix Humanitaire De France» ոսկե մեդալի` երաժշտարվեստում ունեցած իր ներդրման, բարեգործական համերգների համար: Մեդալը նրան է հանձնվել Ֆրանսիայի Սենատում, որտեղ նա հանդես է եկել երկու բացառիկ մենահամերգով: Այս մասին տեղեկանում ենք Էլբակյանի հանրային կապերի պատասխանատու Դավիթ Գրիգորյանից։
Ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանն արժանացել է Սենատի ոսկե մեդալի
© Photo : provided by Ruben Elbakyan
Նշվում է, որ Ռուբեն Էլբակյանը համերգներով հանդես է եկել Փարիզի Մադլեն, Տրինիտե (Սուրբ Երրորդություն) եկեղեցիներում, Հայաստանի ազգային օպերայում, Լյուքսեմբուրգի, Կաննի փառատոների պալատներում, Փարիզի Դեժասեթ թատրոնում:
Էլբակյանը իր երաժշտական ուղին սկսել է Հայաստանում, նա Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում աշակերտել է Գոհար Գասպարյանին և Տաթևիկ Սազանդարյանին: Ապա շարունակել իր կարիերան Ֆրանսիայում:
Ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանը
© Photo : provided by Ruben Elbakyan
2010 թվականի ապրիլի 24-ին Ռուբեն Էլբակյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցեց յուրովի՝ Ֆրանսիայի ազգային ոստիկանության նվագախմբի նվագակցությամբ Փարիզի Հաղթանակի կամարի տակ կատարելով Հայաստանի և Ֆրանսիայի հիմները: Դրանից մեկ տարի անց, Մոնակոյում Ռուբեն Էլբակյանն արժանացավ «Նապոլեոանյան հիշատակի ռազմական շքանշանի ասպետ» կոչմանը։ Հայազգի տենորին եվրոպացիները «Ոսկե ձայն» անունն են տվել:
Ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանը
© Photo : provided by Ruben Elbakyan
Ռուբեն Էլբակյանի երկացանկում բացի համաշխարհային դասականներից, առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Կոմիտասը: Նրա «Կոմիտաս» ալբոմը FNAC-ն արժանացրել է «Սկավառակավաճառների հատուկ մրցանակի»:
Ֆրանսաբնակ հայ տենորը հայրենիքում վերջին անգամ ելույթ է ունեցել 2007 թվականին: