Մահացել է երգիչ Հայկոն

Հայտնի երգչի մահվան պատճառը կորոնավիրուսն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայտնի երգիչ, երգահան Հայկոն (Հայկ Հակոբյանն) այսօր մահացել է հիվանդանոցում։ Նա 48 տարեկան էր։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 21–ին հայտնի դարձավ, որ Հայկոն ծայրահեղ ծանր վիճակով հիվանդանոց է տեղափոխվել։ Պատճառը կորոնավիրուսն է։ Երգահանի թոքերն ախտահարված էին գրեթե ամբողջությամբ։
Ծանր օրեր են մեր ընտանիքի համար. Անահիտ Սիմոնյանը` Հայկոյի առողջական վիճակի մասին
Հայկոն մանկուց զբաղվել է երաժշտությամբ, ավարտել է Երևանի Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը, Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, Կոմիտասի պետական կոնսերվատորիան։

2006 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։ 2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ և զբաղեցրել 8-րդ տեղը։

Հայկոն գրել է երաժշտություն «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի համար։ «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմի սաուդթրեքն արժանացել է մրցանակի։
Հայկոն 2010-2020 թվականներին ամուսնացած է եղել երգչուհի Անահիտ Սիմոնյանի հետ։ Նրանք մեկ որդի ունեն` 11-ամյա Արմանը։