Երևանի «Հաղթանակ» զբոսայգու մոտ կատարված սպանության գործով ևս մեկ անձ է ձերբակալվել

Իրավապահներն առայժմ չեմ մանրամասնում, թե ովքեր են գործի շրջանակում ձերբակալված անձինք, ու նրանցից ով ինչ դերակատարություն է ունեցել հանցագործության մեջ։
Sputnik
Սեպտեմբերի 28-ին Երևանի «Հաղթանակ» զբոսայգու մոտ կատարված սպանության գործով ձերբակալվել է ևս մեկ անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը` նշելով, որ նրան բռնել են Բավրայի սահմանային անցակետում, վերջինս կասկածվում է առանձնապես ծանր հանցագործությանը օժանդակելու մեջ։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Սպանության մեջ կասկածվող առաջին անձը` Երևան քաղաքի, 29–ամյա բնակիչը հայտնաբերվել , բերման էր ենթարկվել հանցագործությունից ժամեր անց ու ձերբակալվել։
Նշենք, որ իրավապահ մարմինների տարածած նախնական տվյալներով՝ սեպտեմբերի լույս 28-ի գիշերը, ժամը 02.30-ին հրազենային վնասվածքով «Քանաքեռ Զեյթուն» բժշկական կենտրոն էր դիմել Երևանի բնակիչ 29-ամյա երիտասարդ և ասել, որ մարմնական վնասվածքը ստացել է «Հաղթանակ» զբոսայգու դիմաց: Նույն տարածքից հրազենային վնասվածքով նույն հիվանդանոց էր տեղափոխվել նաև 27-ամյա կին, որը բժշկական կենտրոնում մահացել էր։

Նախաքննությունն ավելի ուշ պարզել էր, որ սեպտեմբերի 27-ին հիվանդանոց դիմած տղամարդը Սայաթ-Նովայի պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկի մոտակա սրճարաններից մեկում հանդիպել էր իր ծանոթ 24-ամյա մի երիտասարդի։ Նրանք վիճել էին։ Վեճը վերածվել էր ծեծկռտուքի:

Արդեն սեպտեմբերի լույս 28-ի գիշերը` ժամը 1.30-ի սահմանում, «Հաղթանակ» զբոսայգու դիմացի հատվածում՝ ստորգետնյա անցումի մոտ, հիվանդանոց դիմած երիտասարդը հանդիպել էր ընկերոջը։ Այդ ընթացքում մի ավտոմեքենայից իջել էր Երևանի Դրոյի փողոցի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդ ու հայհոյանքներ հնչեցնելով՝ ինքնաձիգից կրակոցներ արձակել նրանց ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով ավտոմեքենայի սրահում գտնվող կինը մահացել էր, նրա ամուսինը` վիրավորվել։
Թե ովքեր են գործի շրջանակներում ձերբակալված անձինք, ու նրանցից ով ինչ դերակատարություն է ունեցել հանցագործության մեջ, իրավապահներն առայժմ չեմ մանրամասնում։
Shamshyan.com–ի տեղեկություններով` մահացածը 27-ամյա Դիանա Դարբինյանն է` Վանաձոր քաղաքում հայտնի գործարար, «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի աղջիկը։ Իսկ հրազենային վիրավորում ստացած 29-ամյա Վազգեն Մարգարյանը Դարբինյանի ամուսինն է, որն աշխատում է հանրապետությունում հայտնի ՍՊԸ-ներից մեկում որպես տնօրեն։