ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Ժամկետանց ավիացիոն հրթիռները, որոնց մասին երեքշաբթի հայտնել էր Ազգային անվտանգության ծառայությունը, իրականում գնվել են Հայաստանի ներկայիս իշխանությունների օրոք: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:
Նա մեղադրում է ներկայիս կառավարությանը կոռուպցիոն գործարքի պատասխանատվությունը նախկին իշխանության «գրպանը գցելու» փորձի մեջ
«Կապիտուլյանտները փորձում են իրենց ապաշնորհ կառավարման և ձախողած պատերազմի մեղքը գցել «նախկինների գրպանը»,– գրում է Զաքարյանը:
Բանն այն է, որ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը իր հարցազրույցներից մեկում նախկին իշխանություններին մեղադրել էր պետական միջոցները վատնելու և անպիտան զենք գնելու մեջ:
Անցած շաբաթ օրը ԱԱԾ- ն հայտարարություն տարածեց այն մասին, որ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել է ռազմական ավիացիայի վարչության նախկին պետը։ Հաղորդագրության համաձայն, վերջինը, կեղծ փաստաթղթերով, հնացած ու ուռճացված գներով հրթիռներ է ձեռք բերել, որոնց դիմաց բյուջեից վճարվել է 2,277,323,840 դրամ։
ԱԱԾ–ն նշում էր, որ նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Դրանցից մի քանիսը եղել են օգտագործման համար պիտանի, մնացածը մերժվել են ժամկետի ավարտի պատճառով:
Նախկին փոխնախարարը, սակայն, վստահեցնում է, որ գործարքն իրականում տեղի է ունեցել ոչ թե նախկին, այլ ներկա իշխանության օրոք` 2018 -ի դեկտեմբերին։
«ՊՆ նոր ղեկավարության կողմից, ըստ էության, որոշվել է 2011թ.-ին սպառազինության համար ոչ նպատակահարմար ճանաչված հրթիռները համարել «նորմալ» և վերցնել սպառազինության՝ դրա մեկ միավորի դիմաց վճարելով ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված գումարը (ինչն ավելի բարձր է, քան 2011թ.-ին սպառազինության վերցված հրթիռների համար վճարված գինն էր): Այդ նպատակով ստեղծել են նույնիսկ հատուկ հանձնաժողով»,– գրում է Զաքարյանը:
Հատկանշական է, որ Ազգային անվտանգության ծառայությունն իր հայտարարության մեջ չէր նշել, թե երբ են գնվել ոչ պիտանի հրթիռները: