ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության առջև բողոքի ակցիա է. մի խումբ քաղաքացիներ բողոքում են հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանից։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով սահմանվել է, որ ՀՀ աշխատողները հոկտեմբերի 1-ից պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ, փաստաթուղթ։ Ընդդիմադիր պատգամավորները ՍԴ են դիմելու՝ վիճարկելով նախարարի հրամանի սահմանադրականությունը։
«Երկու օր առաջ եկել էինք նախարարության մոտ, և մեզ ասացին, որ գանք այսօր, և հնարավոր է` նախարարն ընդունի։ Սակայն այսօր որևէ մեկն էլ մեզ չի ընդունում և մեր հարցերին չի պատասխանում։ Օրենքի առջև բոլորը հավասար են. եթե քաղաքացիները պետք է թեստավորվեն կամ պատվաստվեն, ապա նույնը պետք է նաև պատգամավորներին վերաբերի»,–ասաց մի տղամարդ։
Նա նշեց, որ ոչ թե պատվաստումների դեմ են, այլ ուզում են, որ դրանք պարտադիր բնույթի չլինեն։ Բացի այդ, ըստ նրա, այդ ինչպես ստացվեց, որ 15-20 000 դրամանոց թեստը հանկարծ դարձավ 7000-8000 դրամ, այսինքն` այսքան ժամանակ գերշահույթ են ստացել թեստերից։ Տղամարդ ասաց, որ եկել են նախարարություն նաև տեղեկանալու, թե ո՞ւմ գրպանն են այդ փողերը գնացել։
Նրա խոսքով` արդեն իսկ 3 անձ բերման է ենթարկվել, նրանցից մեկը, ըստ ոստիկանների, իբր վիրավորանք է հնչեցրել։
Մեկ այլ կին էլ նշեց` ինչպես առողջապահության նախարարն էր ասում, պատվաստված մարդն էլ կարող է վարակը փոխանցել, և այս դեպքում ո՞րն է տարբերությունը, ինչո՞ւ նրանից թեստավորում չեն պահանջում։ Կնոջ խոսքով` պետք է յուրաքանչյուրն ինքն ընտրի` պատվաստվել, թե ոչ, և նախարարությունը պիտի պատվաստումներից հրաժարվելու հնարավորություն տա։
Ոստիկանության լրատվական բաժնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ 3 անձ բերման է ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։
Հավելենք, որ բողոքի ակցիան շարունակվում է։