Լավրովը նշել է Լեռնային Ղարաբաղի հիմնական խնդիրները

Հիմա, ՌԴ արտգործնախարարի խոսքով, գլխավոր խնդիրը խաղաղ կյանք ապահովելն է և կողմերի միջև վստահություն հաստատելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հիմնական խնդիրներն են պահվող անձանց վերադարձն ու ականազերծման ավարտը, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վիետնամցի գործընկերոջ՝ Բույ Թհան Շոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Արցախում ռուս խաղաղապահներն ԱԹՍ–ի օգնությամբ հետազոտել են տեղանքը
Նրա խոսքով՝ անցած տարվա գլխավոր արդյունքը կայունության հաստատումն է։ Ռուսական խաղաղապահ զորախումբը նպաստում է այն բանին, որ որևէ բռնի գործողություն հիմա չկա։
«Փոքր միջադեպերը, որոնք եղել են սկզբնական փուլում, արագ լուծվել են։ Հիմա իրավիճակն այնտեղ կայուն է։ Թեև, իհարկե, խնդիրները քիչ չեն։ Առաջին հերթին խաղաղ կյանքի կազմակերպման, ականազերծման գործողության ավարտի, պահվող անձանց վերադարձի և այլ հարցերում»,-ասել է Լավրովը։
Այժմ գլխավոր խնդիրն է խաղաղ կյանք հաստատել այդ հողում, որպեսզի հայկական և ադրբեջանական համայնքները փոխվստահություն հաստատեն, որպեսզի լուծվեն փախստականների վերադարձի խնդիրներն ու կենցաղային առօրյա հարցերը:
Տարի, որը շատ բան փոխեց. Արցախում 44-օրյա պատերազմի որոշ արդյունքների ու հետևանքների մասին
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ապա օրերս նրանք հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Նրանք համաձայնեցրել են տարածաշրջան իրենց ուղևորությունների վերսկսումը՝ երկու երկրների ներկայացուցիչների հետ տեղում հանդիպումների համար։ Հանդիպումներ են նախատեսված նաև Ստեփանակերտում։
«Ինձ թվում է, որ այժմ նրանց գլխավոր խնդիրն է նպաստել այն դրական միտումներին, որոնք պետք է ամեն կերպ ամրապնդել՝ այդ հողի վրա ապահովելով հայկական և ադրբեջանական համայնքի գոյակցությունը, համագործակցությունը»,-նշել է Լավրովը։
Հենց դրանումն է, նրա կարծիքով, հիմնական խնդիրը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպասում է իր արդարացի կարգավորմանը. ՀՀ վարչապետ
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
"Երաշխավորել տևական խաղաղություն". ԵԱՀԿ ԽՎ նախագահը խոսել է Լեռնային Ղարաբաղից
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: