Համավարակը, ինչպես և մյուս համամարդկային փորձանքները, փոխում են աշխարհը, երկրներին և ժողովուրդներին ստիպելով վերագնահատել արժեքները։ Այն, ինչ դեռ բոլորովին վերջերս անսասան էր թվում, աչքի առաջ փլուզվում է։ Թե ինչպես են COVID-19-ի գործերը ԱՄՆ-ում, սեփական փորձով համոզվել է Sputnik Արմենիայի սյունակագիրը։
Անվերջ քովիդային շրջանում Ամերիկա հասնելը հատկապես բարդ է, բայց ես Նյու-Յորք հասա առանց որևէ խնդրի։ Ինչպե՞ս ստացվեց։ Չգիտեմ։
Թռիչքից առաջ կատարեցի բոլոր անհրաժեշտ գործընթացները․ մեկնելուց երկու օր առաջ ստուգեցի արյանս մեջ հակամարմինների առկայությունը, ստացա հաստատումը, որ ամեն ինչ «օքեյ» է, փաստաթուղթը թղթապանակիս մեջ դրեցի։ Վերցրի նաև Մոսկվայում «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստված լինելու մասին հավաստագիրը՝ բոլորը անգլերեն թարգմանված, կնքված, ստորագրված։ Դիմակներ, իհարկե, ձեռնոցներ, անշուշտ, անհանգստությունը՝ կաշխատի՞ այս ամենը։
Պետք չեկավ։ Նյու Յորք, Քենեդիի անվան օդանավակայան, սահմանային վերահսկողություն։ Սպան շխկացնում է երկրում գտնվելու վեցամսյա իրավունքը, վկայականի և հավաստագրի մասին չի էլ հարցնում։ Ապա՝ մաքսային զննության անցակետը․ դուրս են թողնում առանց նայելու, այստեղ ևս թղթերը թղթապանակից հանելու կարիք չի լինում։
Օդանավակայանում դիմավորողները, որոնք տրամադրվել էին հոգնեցուցիչ սպասման, զարմացած են․ ինչո՞ւ այսքան արագ։ Մի կողմից՝ ԱՄՆ մուտք գործելիս բազմաթիվ սահմանափակումներ ու խստություններ կան, իսկ այստեղ՝ "բարի գալո՜ւստ" և ոչ մի հատիկ հարց․․․
Փոխարենը հիմա, հարմարվելով և ժամանակի տարբերությանը վարժվելով, ինչ-ինչ բաներ իմացա ու հասկացա։ Օրինակ, ընթացիկ տարվա հունվարին նախագահ Ջո Բայդենը հրապարակեց առաջին անգամ կարդալուց դժվար հասկանալի հրամանագիր՝ «ԱՄՆ մուտքի սահմանափակումը և կասեցումը ներգաղթյալների, ոչ ներգաղթյալների և ոչ ԱՄՆ քաղաքացիների համար, ովքեր ֆիզիկապես գտնվել են Շենգենյան գոտու, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի Հանրապետության, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության և Հարավային Աֆրիկայի Հանրապետության տարածքում ԱՄՆ նրանց մուտքին կամ մուտքի փորձին նախորդած 14-օրյա ժամանակահատվածում»։
Բացառություն է արվում միայն «օտարերկրյա դիվանագետների և ԱՄՆ քաղաքացիների ընտանիքների որոշ անդամների, ինչպես նաև ԱՄՆ-ում օրինական հիմունքներով բնակության իրավունք ունեցող անձանց համար»։ Այդպիսով, եթե մարդը նշված ցուցակներից որևէ մեկում չէ, ապա այդ երկրներից նրա օրինական մուտքը ԱՄՆ բարդացված է, եթե չասենք՝ անհնար։
Բայց, ինչպես հայտնի է, եթե չի թույլատրվում, բայց շատ ես ուզում, ուրեմն կարելի է․ տվյալ դեպքում Բայդենի նշած երկրներից յուրաքանչյուրի քաղաքացին կարող է (եթե ժամանակ և փող ունի) մեկնել երրորդ՝ ցուցակում չներառված երկիր, երկու շաբաթ անցկացնել այնտեղ, ապա, շատ ավելի քիչ խնդիրների բախվելով, ժամանել Միացյալ Նահանգներ։
Ամեն դեպքում, օդանավակայանում մարդկանց քանակը նույնն էր, ինչպես միշտ, այսինքն՝ շատ։ Փողոցներում և խանութներում նույնպես, չի կարելի ասել, թե ամայություն էր։
Խանութների մասին․ տպավորվել է հուշաթերթիկը, որը պետք է կանխի անփույթ այցերը խանութներ, անկազմակերպ թափառումները սուպերմարկետներում և առևտրի այլ օբյեկտներում։
«Եթե դուրս եք գալիս գնումների, մտածեք, թե ինչն է ձեզ բացարձակ անհրաժեշտ, ցուցակ կազմեք, մտեք և դուրս եկեք։ Հիմա շարքերի միջև թափառելու և ցուցադարակները զննելու ժամանակը չէ»,-խորհուրդ է տալիս հուշաթերթիկը։
Հումորի զգացումը չկորցրած ամերիկացիները կատակում էին․ հանուն վարակի դեմ պայքարի երևի պետք է նախապես սովորել ցուցադարակների վրա ապրանքների դասավորությունը և մուտքից մինչև դրամարկղ սլանալ ռեկորդային կարճ ժամանակում, որպեսզի վիրուսը մոլորվի չիփսերի ու կետչուպների մեջ և չկարողանա դիպչել ձեզ։
Կատակը՝ կատակ, բայց նայելով մերօրյա ամերիկյան իրականությանը, անգամ նոր եկած հյուրը շատ արագ սկսում է նկատել այն, ինչի մասին դեռևս 2000-ականների սկզբին ասում է նախագահ Ջորջ Բուշը՝ Ամերիկայի խոցելիությունը, որը, նրա բնորոշմամբ, ազգի ինքնությունը բնութադրող գիծ է դարձել։ Այդ ինքնությունը, կանխատեսում էր Բուշը, «դեռ երկար կպահպանվի այն բանից հետո, երբ մենք պատասխանատվության կենթարկենք սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մեղավորներին։ Խոցելի լինելը կյանքի նոր պայման է»։
Ինչպես երևում է՝ կատարվում է։ Նայելով հետ՝ վերջին 20 տարվա իրադարձություններին, սեպտեմբերի 11-ից մինչև մի շարք չմտածված և ողբերգական ռազմական ներխուժումները Աֆղանստան, Իրաք, Լիբիա և Սիրիա, ակամա ուզում ես եզրակացնել, որ Արևմուտքը ոչինչ չի սովորել։ Երևում է, որ այն առաջվա պես ունակ չէ հասկանալ, թե ինչ սպառնալիքի է բախվում։ Եվ շարունակում է այդ չհասկանալու համար հետախուզությանը մեղադրել։ Չէ՞ որ սպառնալիքը ոչ թե դրսից, այլ ներսից է բխում, արևմտյան հասարակության անզորության աճող զգացումից և ուղղության կորստից, նշում են ամերիկյան որոշ լրատվամիջոցներ։
2002թ․-ին Բուշը խոսում էր Ամերիկայի խոցելիության մասին (ազատություն, քաղաքներ, տեղաշարժի համակարգեր, ժամանակակից կենսակերպ), նկատի ունենալով առաջին հերթին ահաբեկչությունը։ Այն ժամանակ կորոնավիրուս չկար։ Հիմա այն կա, և նրա հետ միասին հայտնվել է նաև խոցելիության սուր զգացողությունը՝ որպես ամերիկացիների կյանքի նոր պայման։ Դա նշանակում է, որ այսուհետ նրանք մշտական վտանգի մեջ են, ինչը հեշտ է տեսնել մարդկանց պահվածքում, լսել զրույցներում։ Աշխարհին ժողովրդավարություն սովորեցնելու մասին ավելի ու ավելի քիչ են խոսում, չվարակվելու մասին՝ ավելի ու ավելի շատ։ Դժբախտությունը լավ ուսուցիչ է։
Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ—ում է գտնվում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների 18,69%-ը։ Նրանցից 24,2 հազարը ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում են, 694,6 հազարը մահացել են, 32,6 միլիոնը՝ առողջացել։ Ընդհանուր առմամբ հիվանդ է ավելի քան 9,7 միլիոն մարդ։
․․․Աշխարհում տարբեր կերպ են պայքարում փորձանքի դեմ։ Որոշ երկրներում պահանջում են «դիմակը չհանել ըմպելիք օգտագործելու ընթացքում»։
Մի բան էլ՝ աբսուրդի ոլորտից։ Ավստրալացի սանիտարական բժիշկ, պրոֆեսոր Նիկոլա Սփուրիերը ֆուտբոլի երկրպագուներին զգուշացնում է. «Եթե դուք գտնվում եք մարզադաշտում և գնդակը թռչում է ձեր ուղղությամբ, իմ խորհուրդն է՝ կռացեք և ձեռք մի տվեք գնդակին»:
Պաշտոնական անձինք ու ԶԼՄ-ները նախազգուշացնում են, որ քովիդի ժամանակ առանց մի կույտ բժշկական տեղեկանքների ԱՄՆ մուտք գործելն անհնար է։ Մի կույտ տեղեկանքները ինձ մոտ էին, բայց որևէ մեկը գոնե չնայեց դրանց։