ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հանդիպել է ԱԺ խորհրդարանական ընդդիմության հետ

Ջոն Գալագերը կողմ է արտահայտվել Արցախի խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը հանդիպումներ է ունեցել խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ։
Ինչպես հաղորդում է ԱԺ պաշտոնական կայքը, հանդիպման առանցքում եղել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետեւանքների շուրջ քննարկումը։
ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ընդգծել է, որ Ադրբեջանը չի վերադարձնում հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց, ինչը պարտավորվել էր անել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ:
Նա խոսել է նաև այդ երկրում պահվող գերեվարված անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, նրանց նկատմամբ ընթացող կեղծ դատավարական գործընթացների մասին:
Վանեցյանը համոզմունք է հայտնել, որ Արցախի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում՝ պահպանելով Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը: Նա անթույլատրելի է համարել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինուժի ոտնձգությունները:
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագեր
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու հանդիպմանը մասնակից խմբակցության անդամները խոսել են պատերազմի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակի, Հայաստանի Հանրապետության սահմանների և ճանապարհների անվտանգության մասին:
Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կատարված հանցագործություններին, մասնավորապես մարդկանց և պատմամշակութային արժեքների հանդեպ իրականացվող վայրագություններին:
Հատուկ ընդգծվել է միջազգային հանրության աջակցության կարևորությունը գերիների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման գործում:
Ադրբեջանցիները Շուշիում հայկական կողմին են փոխանցել ևս 3 հայ զինծառայողի աճյուն
Ջոն Գալագերն իր հերթին կողմ է արտահայտվել Արցախի խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Նա խոսել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի մասին, որն իրականացվում է նաև բրիտանական կառավարության աջակցությամբ: Ծրագիրն ուղղված է խորհրդարանի կարողությունների զարգացմանը: