«Հայաստան» խմբակցությունը պատերազմից մեկ տարի անց 6 հարց է ուղղել կառավարությանը

Հարցերի պատասխանները ստանալուց հետո խմբակցությունը մանրամասն կվերլուծի դրանք և կներկայացնի հանրությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցությունը 44–օրյա պատերազմից մեկ տարի անց 6 հարց է ուղղել ՀՀ կառավարությանը։ Տեղեկությունը հայտնում է «Հայաստան» դաշինքը։
Facebook–ում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ պատերազմից մեկ տարի անց բազմահազար հայրենակիցներ դեռևս շարունակում են կառավարությունից իրենց խնդիրների նկատմամբ ուշադրություն և որոշակի լուծումներ ակնկալել, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ անցած ժամանակահատվածում կառավարության կողմից չեն ձեռնարկվել բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցառումները քաղաքացիների կարիքների ամբողջական գնահատման և դրանց համակարգային լուծումներ տալու ուղղությամբ։
Նա ընդամենը ութ տարեկան էր․ 44-օրյա պատերազմի առաջին զոհի պատմությունը
Ըստ դաշինքի` նշված խնդիրը լինելու է «Հայաստան» խմբակցության ուշադրության կենտրոնում և, ըստ այդմ, խմբակցությունը հարցապնդումով դիմել է կառավարությանը՝ ակնկալելով հետևյալ հարցերի պատասխանները.
1.
Արդյոք ապահովվել է հնարավորինս լիարժեք և ճշգրիտ տեղեկատվություն՝ Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես տեղափոխված ընտանիքների թվաքանակի, կազմի, սեռատարիքային կառուցվածքի, ՀՀ-ում ժամանակավոր բնակության վայրի, Արցախում հիմնական բնակության վայրի առկայության և դրանց հասցեների, ինչպես նաև նրանց կոնտակտային տվյալների վերաբերյալ:
2.
Արդյոք ապահովվել է հնարավորինս լիարժեք և ճշգրիտ տեղեկատվություն՝ Արցախյան վերջին պատերազմում զոհված, անհետ կորած, գերի ընկած և վիրավորում ու հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքների վերաբերյալ:
3.
ՏԻՄ-երի, ՀԿ-ների, սոցիալական խնդիրներով զբաղվող տեղական ու միջազգային կառույցների և սոցիալական աշխատողների ընդգրկմամբ արդյոք իրականացվել է նշված ընտանիքների կարիքների ամբողջական գնահատում՝ առկա չափորոշիչների և ուղեցույցերի համաձայն, որի արդյունքում կձևավորվեր լիարժեք պատկեր թե անհրաժեշտ ծրագրերի բովանդակության և թե դրանք իրականացնելու համար անհրաժեշտ ռեսուրսների վերաբերյալ:
4.
Արդյոք իրականացվել է ներկայումս ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցների շրջանակներում գործող ծրագրերի վերագնահատում, որի արդյունքում կընդունվեին համապատասխան իրավական ակտեր կամ փոխհամաձայնեցված որոշումներ՝ որոշակի ծրագրերի կասեցման, որոշների դադարեցման և ըստ անհրաժեշտության նոր ծրագրերի գործարկման վերաբերյալ:
5.
Արդյոք գործարկվել է վստահելի և հաշվետվողական մեխանիզմ՝ մասնավոր հատվածի, ՀՀ-ում և այլ պետություններում բնակվող անհատ քաղաքացիների կողմից կամավոր հիմունքներով ցուցաբերվող օգնությունն ու օժանդակությունը համակարգելու և դրանք առավել հասցեական ու նպատակային դարձնելու համար՝ վերականգնելով պետության նկատմամբ վստահությունը:
6.
Արդյոք դիմել եք համապատասխան մանդատ ունեցող միջազգային բոլոր կառույցներին (հատկապես ՄԱԿ-ի մանդատի ներքո գործող), առաջին հերթին ՀՀ-ում գործունեություն իրականացնող ներկայացուցչություններին, ամբողջ աշխարհում մոլեգնող համավարակի ժամանակ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար աղետի հետևանքների մեղմացման ու աստիճանաբար վերացման և իրենց մշտական բնակության վայրերից տեղահանված քաղաքացիների տարրական իրավունքների պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետությանն օժանդակելու նպատակով գործուն միջոցներ ձեռնարկելու պահանջով։
Նշվում է, որ հարցապնդման պատասխանը ստանալուց հետո այն կենթարկվի մանրամասն վերլուծության և կներկայացվի հանրությանը։
Տարի, որը շատ բան փոխեց. Արցախում 44-օրյա պատերազմի որոշ արդյունքների ու հետևանքների մասին