ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածու Արթուր Ղազինյանը 5-րդ անգամ էլ չընտրվեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանը:
Նիստը նախագահող Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ ընդդիմությունը պետք է կողմնորոշվի։
«Մենք ԱԺ կանոնակարգ օրենքը չենք խախտում։ Ես ուզում եմ նման առաջարկ անել` եթե առաջիկա 1 ամսվա ընթացքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նույն թեկնածուն առաջադրվի և չընտրվի, ապա մեր խմբակցությանը կառաջարկենք օրենսդրական փոփոխությամբ հանդես գալ»,–ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով` ըստ այդ փոփոխության կառաջարկեն, որ եթե նույն անձը 2 անգամ չի ընտրվում, ապա պետք է նոր թեկնածու առաջադրեն։
Ղազինյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իշխանությունն իրավունք չունի ասել` այս թեկնածուին սիրում եմ կամ չեմ սիրում` պարտավոր են հարգել ընդդիմության որոշումը։ Իսկ հրաժարվել այդ հանձնաժողովում անդամ ունենալուց, նշանակում է` այդ դիրքը հանձնել իշխանությանը։ Հետևաբար, ընդդիմությունը չի կարող ենթարկվել Անդրանիկ Քոչարյանի պահանջին և փոխել թեկնածուին։
Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորները Ղազինյանի թեկնածությանը դեմ էին քվեարկել նաև օգոստոսի 31-ին ու սեպտեմբերի 6-ին, 13-ին և 22-ին։