Բրազիլիայից Հայաստան 300 հազար դոլարի կոկաին է բերվել. քաղաքացին կալանավորվել է

Թմրանյութ. Արխիվային լուսանկար
Քաղաքացին տեղափոխել է թմրանյութը կուլ տալու և ստամոքսում պահելու եղանակով։ Նրա ստամոքսում գտնվել է 80 պատիճ` 746 գրամ ընդհանուր քաշով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Բրազիլիայից Հայաստան 300 հազար դոլարի կոկաին է բերվել, տեղեկացնում է պետական եկամուտների կոմիտեն։
Նշվում է, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը օպերատիվ տեղեկություն է ստացել, որ Սան-Պաուլո-Դոհա-Երևան ավիաչվերթով Բրազիլիայից Հայաստանի ժամանող ուղևորներից մեկը «կոկաին» տեսակի թմրամիջոց է տեղափոխում:
«Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալները փորձել են թմրանյութով լցված փաթեթը ներքաշել խուց
«Զվարթնոցում» մաքսային հսկողության է ենթարկվել Բրազիլիայի քաղաքացի Գ.Ռ.–ի ուղեբեռը, ինչից հետո որոշում է կայացվել կիրառել մաքսային հսկողության բացառիկ ձև` անձնական մաքսային զննում: Բրազիլիայի քաղաքացին «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվել է բժշկական հաստատություն: Համակարգչային տոմոգրաֆիայի և հետագա բժշկական միջամտության արդյունքում պարզվել է, որ տվյալ քաղաքացին կուլ տալու և ստամոքսում պահելու եղանակով Բրազիլիայից Հայաստան մաքսանենգությամբ տեղափոխել է «կոկաին» տեսակի թմրանյութի պարունակությամբ 80 պատիճ` 746 գրամ ընդհանուր քաշով:

Հայտնաբերված և առգրավված թմրանյութի արժեքը Հայաստանի սև շուկայում կազմում է շուրջ 300.000 ԱՄՆ դոլար:

ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշներով (թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր, ինչպես նաև այդպիսիք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքավորումներ կամ գործիքներ արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելը) հարուցված քրեական գործի շրջանակներում Բրազիլիայի քաղաքացին կալանավորվել է: Իրականացվում է նախաքննություն:
Ի դեպ, Գ.Ռ.-ի ուղևորությունը Բրազիլիայից Հայաստան տևել է շուրջ 24 ժամ: ՊԵԿ—ը նշում է, որ ստամոքսում պահելու եղանակով թմրանյութերի տեղափոխումը մեծ վտանգ է ներկայացնում փոխադրող անձի կյանքի համար` հաշվի առնելով, որ երկար թռիչքների ժամանակ առկա է պատիճներից թմրանյութի արտահոսք տեղի ունենալու վտանգ, որը գերդոզավորման պատճառով հանգեցնում է փոխադրող անձի մահվան:
Պոկեր ու թմրանյութեր. Երևանի Սայաթ-Նովա փողոցում ապօրինի խաղատուն է հայտնաբերվել
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից շարունակվում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը` գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով: