Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները պատասխանատվության գոտում իրավիճակի օբյեկտիվ վերահսկողություն են իրականացրել «Օռլան-10» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կիրառմամբ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
ԱԹՍ–ի առանձին հատվածները մոնտաժել են «Կամազի» թափքում, այնուհետև տեղափոխել սահմանված տեղանք և օդ բարձրացրել։
«Այսօր «Օռլան-10» անօդաչու թռչող սարքով իրականացվել է իրադրության օբյեկտիվ հսկողություն։ Գործարկման մեխանիզմը տեղադրված է եղել «Կամազ» տրանսպորտային մեքենայի վրա և, ազդանշան ստանալով, շարժվել է դեպի կիրառման շրջան։ ԱԹՍ-ի կիրառման նման գործողություններ խաղաղապահների կողմից պարբերաբար են մշակվում»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Վիտալի Տիմոֆեևը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: