«Ամենաբարդ հարցերը Կովկասին են վերաբերելու». փորձագետը՝ Պուտին-Էրդողան հանդիպման մասին

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին մեկնաբանել է Սոչիում կայանալիք Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա բանակցություններում ամենաբարդ հարցերը վերաբերելու են Կովկասին: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին նման կարծիք է հայտնել ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Պեսկովը հայտնել է Պուտին-Էրդողան բանակցությունների օրակարգը
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտինն ու Էրդողանը սեպտեմբերի 29-ին Սոչիում կայանալիք բանակցություններում կքննարկեն իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Հարավային Կովկասում:
«Ամենաբարդ հարցերը վերաբերելու են Կովկասին»,-ասել է Նադեին-Ռաևսկին:
Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ կողմերի մասնակցությամբ հաջողվել է դադարեցնել պատերազմը տարածաշրջանում։
Մեկնաբանելով առաջիկա բանակցությունները՝ փորձագետը նշել է, որ մինչ օրս Պուտինին ու Էրդողանին հաջողվել է պայմանավորվածություն ձեռքբերել այնպիսի խնդրահարույց հարցերի շուրջ, ինչպիսիք են Սիրիան և Անդրկովկասը:
Էրդողանը գովել է Պուտինին ղարաբաղյան պատերազմի ժամանակ «ճիշտ որոշումներ ընդունելու համար»
Մասնավորապես՝ ավելի վաղ երկու առաջնորդներին հաջողվել էր համաձայնության գալ սիրիական խնդրի շուրջ։ Խոսելով Սիրիայում թուրքական ուժերի ներկայության մասին՝ նա ընդգծել է, որ թուրքական կազմավորումների դուրսբերումն այս պահին հիմնական խնդիրը չէ, վաղ թե ուշ Թուրքիային «կստիպեն» հեռանալ։
«Քաղաքական բոլոր խնդիրները բարդ են։ Տարածաշրջանային բազմաթիվ խնդիրների շուրջ մենք հաճախ տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք, ինչը բազմիցս ցուցադրվել է։ Առայժմ մեզ հաջողվել է պայմանավորվել», - ասել է Նադեին-Ռաևսկին։
Նա ավելացրել է, որ ոչ պակաս բարդ խնդիր է Ղրիմի վերաբերյալ Անկարայի դիրքորոշումը, որը ռուսական կողմի համար ոչ մի կերպ ընդունելի չէ:
Բոսֆորում Թուրքիայի և Ռուսաստանի դրոշներով բեռնանավեր են բախվել
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, ասել է, որ կարևոր է պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ներառյալ «բռնակցված» Ղրիմի տարածքը: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ղրիմում անցկացված ընտրություններն իրավական ուժ չունեն: Կրեմլն այս հայտարարությունն անընդունելի է անվանել: