ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել է Գեղարքունիքի սահմանին ադրբեջանցիների կրակոցից հայ զինվորի վիրավորվելու փաստին։
«Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի մոտ այսօր ՀՀ զինծառայողի հրազենային վիրավորում հասցնելու, կյանքի իրավունքը դիտավորությամբ խախտելու փորձի համար»,– գրել է Թաթոյանը Facebook–ի իր էջում։
ՄԻՊ-ը նաև հիշեցնում է, որ Ադրբեջանը ներխուժել ու անօրինական տեղակայվել է ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքի ու Սյունիքի այն հատվածներում, որոնքօրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչներին կամ համայնքային սեփականություն են։
Նրանք պարբերաբար կրակում են ՀՀ գյուղերի ուղղությամբ և իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, վնաս են պատճառում նրանց գույքին և կենդանիներին։
«Զբաղված են քաղաքացիական բնակիչների նկատմամբ անօրինական արարքներով՝ կենդանիների գողություններ, մարդկանց անօրինական ազատությունից զրկելու փորձեր, հրազենով սպառնալիքներ քաղաքացիական բնակիչներին, խոչընդոտներ գյուղատնտեսական աշխատանքներին և այլն»,– գրում է Թաթոյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր առավոտյան Գեղարքունիքի սահմանային շփման գծում հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել։
ՊՆ–ն հայտնել էր, որ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։