Պատերազմի ողբերգական արդյունքները չպետք է բարդել մի քանի հրամանատարի վրա. Աբրահամյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է 44-օրյա պատերազմի տարելիցին, հետպատերազմական շրջանում արդիական դարձած մարտահրավերներին և տակավին չլուծված հարցերին։
Sputnik
Եթե ժամանակին կարողանայինք հանգցնել կրակը դիվանագիտական կամ այլ առումով, փոքրացնեինք ճակատը, թույլ չտայինք թշնամուն լուծել իր առաջնահերթ խնդիրները, ապա իրադարձություններն ամբողջությամբ կարող էին զարգանալ բոլորովին այլ սցենարով, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա կարծիքով` գործող իշխանությունը չի իրականացրել դեռ 2016-17 թվականներին հաստատված ԶՈւ արդիականացման 7-ամյա ծրագիրը, կատարել է փոփոխություններ` գնելով այնպիսի սպառազինություն, որը պատերազմի օրերին խնդիրներ չի լուծել և արդյունավետ չի եղել։
Աբրահամյանի համոզմամբ` Արցախի մասին մտածելով` նախ պետք է վերականգնել Հայաստանը, նոր հետո միջազգային օրակարգ բերել արցախյան տարածքների դեօկուպացիայի խնդիրը։

«2018-20 թվականներին ԶՈւ հրամանատարությունը գլխատվեց, մեծ թվով փորձառու և հեղինակություն ունեցող հրամանատարներ հեռացվեցին բանակից, իրականացվեց գործընթաց, որի հետևանքով թուլացան մեր զինված ուժերը, մեր պաշտպանական հնարավորությունները, իսկ հասարակությունը կոտրվեց բարոյահոգեբանական տեսանկյունից։ Ադրբեջանը նախորդ տարիներին պատրաստվում էր պատերազմի, իսկ ՀՀ իշխանությունը խաղաղություն էր քարոզում, այնինչ հաղթելու համար հասարակությանը պետք էր պատրաստել պատերազմի թե՛ գաղափարական, թե՛ կազմակերպչական, թե՛ արժեհամակարգի, թե՛ տնտեսական ու ռազմական կարողությունների առումով»,– ասաց պատգամավորը։

Աբրահամյանի դիտարկմամբ` պատերազմի ողբերգական արդյունքները չպետք է բարդել մի քանի հրամանատարների վրա, ինչը հետպատերազմական շրջանում դարձել է ներկա իշխանության քարոզչության գլխավոր ուղղություններից մեկը։
Ըստ նրա` գործող իշխանությունը որևէ հնարավորություն չի տալիս, որպեսզի մտածենք հետագայում կորցրածն ինչ-որ չափով հետ բերելու մասին և նույնիսկ նախադրյալներ չի ստեղծում գոնե եղածն արդյունավետորեն պաշտպանելու համար, քանզի հետպատերազմական իրողությունները ցույց են տալիս, որ Հայաստանը շարունակում է ցած գլորվել, և անկումը դեռ անկասելի է։
Պատգամավորի խոսքով` պետական ինստիտուտները չպետք է գործեն խաթարումներով, իսկ անվտանգության համակարգն ամբողջությամբ անհրաժեշտ է ձևափոխել, քանի որ նախապատերազմական շրջանի ավանդական միջոցներից շատերն այլևս չեն գործում։