Դատելով հրապարակումներից ու հայտարարություններից` արցախյան ճակատում ռազմական գործողությունների լայնամասշտաբ բնույթն Իրանի համար անակնկալ էր, ինչպես նաև անակնկալ էր 44-օրյա պատերազմի ընթացքն ու ավարտը, քանի որ իրանական տիրույթում նույնպես ամրագրվել էր այն տեսակետը, որ հայկական բանակը տարածաշրջանի ամենամարտունակներից է, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը։
Նրա կարծիքով` պատերազմից հետո իրավիճակը բարդացել է նաև Իրանի համար զուտ պանթուրքիստական առանցքի ձևավորման առումով։
Պատերազմի ընթացքում իրանական կողմի չեզոքությունն ու հավասարակշռված հայտարարությունների հանգամանքը դիտարկվում է այն տեսանկյունից, որ ղարաբաղյան հակամարտությունը գտնվում է ռուսական ազդեցության գոտում, հետևաբար Թեհրանը չէր ցանկանում ՌԴ–ի հետ բարիդրացիական հարաբերությունները խաթարել ու մտնել առճակատման մեջ, սակայն Անդրկովկասում Թուրքիայի ներգրավվածությունից հետո Իրանում անհանգստությունը հասել է ահռելի չափերի։
«Իրանի պետական սահմաններից եկող սպառնալիքների գնահատումը երևում է վերջին շրջանի զորաշարժերի կազմակերպմամբ, այսինքն` իրանական կողմը զգում է Ադրբեջանի վրա թուրքական ազդեցության վտանգի աճ, հետևաբար ի ցույց է դնում իր զսպող, կանխարգելիչ հնարավորությունները։ Ավելին` Իրանը պրոքսի պատերազմի համատեքստում Թուրքիայի դեմ հեռահար խաղ է սկսել Ադրբեջանում»,– նշեց իրանագետը։
Միսակյանի դիտարկմամբ` պաշտոնական Թեհրանը երբեք չի թաքցրել բարիդրացիական հարաբերությունները թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, իսկ թե ինչու չմտավ արցախյան թատերաբեմ ` սանձելու Թուրքիային, ինչպես դա արել է Լիբանանում, Սիրիայում, Իրաքում և Լիբիայում, Միսակյանն ընդգծեց, որ Իրանին նախ չեն հրավիրել, և բացի դրանից, Իրանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր չէր և չէր կամենում միջամտել առկա ձևաչափի աշխատանքներին` խոչընդոտելով բանակցային գործընթացը։
Ըստ նրա` ադրբեջանական լոբբին քարոզչական գործունեություն է ծավելել նաև հարևան երկրում, և Իրանը հատկապես Ռոհանիի պաշտոնավարման ընթացքում հայտնվելով միջազգային բարդ խնդիրների հանգույցում` չի ցանկացել տարածաշրջանային քաղաքականության մեջ նոր ճակատ բացել իր համար։
Իրանագետի կարծիքով` Թեհրանի ռազմական դիվանագիտության ավանդույթները գործնականում ցույց են տալիս, որ այդ երկիրը երբեք որոշումներ չի կայացնում կարճաժամկետ հեռանկարի համար և միանգամից կհակազդի, եթե փորձեն լարվածություն առաջացնել իր սահմաններին։ Նրա համոզմամբ` իրանական կողմի կտրուկ միջամտություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ փորձեն Սյունիքի հատվածը կտրել Իրանից. դա այն կարմիր գիծն է, որի մասին բազմիցս հնչել են համարժեք հայտարարություններ։