ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Սահմանների մոտ անցկացվող իրանական զորավարժությունները շատ անսպասելի են, քանի որ մեր անկախության 30 տարիների ընթացքում նման բան չի եղել։ "Անադոլուին" տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` պատասխանելով Իրանի զորավարժությունների մասին հարցին, որոնք անցկացվում են Ադրբեջանի հետ սահմանին։
«Պետք է ասեմ, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ցանկացած զորավարժություններ անցկացնել իր տարածքում։ Դա նրա ինքնիշխան իրավունքն է։ Ոչ ոք չի կարող նրան ինչ-որ բան ասել։ Բայց երբ մենք դա վերլուծում ենք ժամանակի մեջ, տեսնում ենք, որ նման բան երբեք չի եղել։ Ինչո՞ւ հենց հիմա և ինչո՞ւ մեր սահմանին։ Այդ հարցը ոչ թե ես եմ տալիս, այլ ադրբեջանական հասարակությունը։ Այդ մասին հարցնում են աշխարհի ադրբեջանցիները»,–ասել է Ալիևը։
Նա նաև հարց է բարձրացրել, թե ինչու այն ժամանակաշրջանում, երբ այդ տարածքները Հայաստանի վերահսկողության տակ էին, Իրանը զորավարժություններ չէր անում։ «Ինչու է դա արվում այն բանից հետո, երբ մենք «ազատագրեցինք» այդ հողերը։ Սրանք արդար հարցեր են»,–ասել է Ադրբեջանի ղեկավարը։
Ալիևը նշել է, որ իրենք ցանկանում են, որ տարածաշրջանում չստեղծվի այնպիսի իրավիճակ, որը կարող է հարված հասցնել երկարաժամկետ համագործակցությանը և հավաստիացրել, թե Ադրբեջանը գործում է շատ պատասխանատու և հավասարակշռված։ Նա հույս է հայտնել, որ իրենց «օրինաչափ» քայլերին էմոցիոնալ արձագանքը կկրի ժամանակավոր բնույթ։
Հիշեցնենք, որ այս օրերին Իրանի զինված ուժերը զգալի կենդանի ուժ ու տեխնիկա են տեղափոխել Ադրբեջանի հետ սահման, որտեղ լայնածավալ զորավարժություններ են իրականացնում Արաքս գետի հովտում: