Հոտնկայս և լուռ․ Արցախի ամբողջ տարածքում լռության րոպե էր

Արցախում հարգանքի տուրք են մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածներին։
Sputnik
Ինչպես Հայաստանում, այդպես էլ Արցախում ժամը 11։00-ին լռության րոպե էր հայտարարվել։ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանից մինչև դպրոցներ. Արցախում ամենուր հարգանքի տուրք են մատուցել 44-օրյա պատերազմում ընկածներին։
Ավելի վաղ՝ ժամը 10:30, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը հոգեհանգստյան արարողություն էր կատարել Արցախի բոլոր գործող եկեղեցիներում։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` պատերազմի հետևանքով հայկական կողմը 3781 զոհ է ունեցել։ 2021 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ` անհայտ է 231 զինծառայողների ու 22 քաղաքացիական անձանց գտնվելու վայրը։ Մինչ օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն են հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայող և քաղաքացիական անձ: