Այս փուլում Արցախի տարածքային կորուստների վերականգման մասին որևէ խոսակցություն լինել չի կարող։ Բոլոր նրանք, ովքեր խոսում են նոյեմբերի 9-ի հայտարարության փաստաթուղթը չեղարկելու մասին, արկածախնդիրներ են։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը` անդրադառնալով Հայաստանում և Արցախում ստեղծված հետպատերազմական իրողություններին։
«Այն այդ պահին ֆիքսված ռազմաքաղաքական բալանսի փաստաթուղթ է, որն ինչ-որ առումով պարտադրվել է, որ Ստեփանակերտը և ամբողջ Արցախը չընկնեն։ Հոկտեմբերի 19-ին Հայաստանի իշխանությունը մեկ անգամ արդեն մերժել էր ռուսական կողմի առաջարկը, որն ընդունելու դեպքում մենք կարող էինք Շուշին և Հադրութը պահել հայկական, և առնվազն 2000-ով պակաս զոհ կունենայինք»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով` մինչև Արցախի տարածքային ամբողջականության վերականգման մասին խոսելը նախ պետք է հետպատերազմյան վերքերը բուժել` վերականգնել բանակը, զարկ տալ տնտեսությանը, մարդկանց մեջ արթնացնել Հայաստանում և Արցախում ապրելու ցանկությունը, քանի որ պատերազմից հետո հայկական պետության ու պետականության դիմագիծը կորել է։
«Այս պետությունը արցախյան շարժման հետևանք է, և եթե մենք հրաժարվում ենք Արցախից, նաև հրաժարվում ենք պետականությունից։ Մենք հիմա պետք է նոր կոդ առաջարկենք, որովհետև ղարաբաղյան շարժումից ծնված պետությունը չի կարող առանց Ղարաբաղի գոյություն ունենալ»,- նշեց նա։
Թևանյանը ցավով է արձանագրում, որ արդի իրողություններով պայմանավորված՝ Արցախը վերածվել է Կովկասյան Ղրիմի` մի առավելությամբ միայն. Արցախի հարցում հայերի և ռուսների շահերը համընկնում են։ Կողմերը շահագրգռված են, որ Արցախում գերակշռի հայկական տարրը, որ այն բնակեցված լինի հայերով, ինչը կլեգիտիմացնի նաև ռուսական ռազմական ներկայությունն Արցախում։
Նրա համոզմամբ` քաղաքական ուժերի գերխնդիրը պետք է լինի գտնել բանաձև` միավորելու արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին չքվեարկած 3-4 հարյուր հազար քաղաքացիներին և այն 800.000 քաղաքացիներին, որոնք պարզապես չեն մասնակցել ընտրություններին, նաև նրանց, ովքեր քվեարկել են իշխանությունների օգտին, բայց փոշմանել են իրենց ընտրությունից, և աստիճանաբար երկիրը դուրս բերել օրեցօր խորացող ճգնաժամից։