Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներն ունեն պատանդի կարգավիճակ։ Պաշտոնական Բաքուն նրանց շահարկում է քաղաքական նպատակներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ՄԻԵԴ-ում շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Ադրբեջանական իշխանությունները հավելյալ լծակ են ստեղծում հայ հասարակության վրա ներազդելու համար և դա անում են, քանի որ քաղաքական օրակարգում կան դեռևս չլուծված խնդիրներ»,- ասաց նա։
Սահակյանի խոսքով` այն ռազմագերիները, որոնց մասին պաշտոնապես հայտարարել է Ադրբեջանը, կյանքի իրավունքի առումով պաշտպանված են, ինչը չենք կարող ասել նրանց նկատմամբ հնարավոր խոշտանգումների, նվաստացումների մասին։ Ճիշտ է` Կարմիր խաչը պարբերաբար այցելում է Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին, սակայն պարզ է, որ այդ այցելություններն ամենօրյա բնույթ չեն կրում։
«Այցելությունները շատ հաճախակի չեն, այսինքն` ամիսը մեկ, երբեմն` երկու ամիսը մեկ անգամ, իսկ այդ ընթացքում վատ վերաբերմունքի կամ խոշտանգումների ենթարկելու հեռանկարներ կան, ավելին վնասվածքներն են հաճախ վերանում, բայց հասկանալի է, որ հակահայկականության պայմաններում նրանք նման վերաբերմունքի արժանանալու են»,- նշեց Սահակյանը։
Սահակյանի կարծիքով` ադրբեջանական կողմը հայ ռազմագերիների հարցը կշարունակի շահարկել այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական օրակարգում եղած խնդիրներն ամբողջովին չեն լուծվել։ Իսկ այստեղ Ադրբեջանը հեռուն գնացող նպատակներ ունի։ Նա ձգտում է Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման ժամանակ առավելագույնը պոկել և դրանք ամրագրել իրավաբանորեն, որպեսզի հայերի սերունդները տասնամյակներ անց հանդես չգան պահանջատիրության դիրքերից։
Նշենք, որ 2020թ. նոյեմբերին ռազմական գործողությունների դադարեցման պահից ադրբեջանական գերությունից Հայաստան է վերադարձել 105 գերի։
Այժմ, Ադրբեջանում պահվող գերիների թիվը 45 է, ևս 80-ի մասին հայկական կողմը չհաստատված փաստարկներ ունի։