ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Ամերիկահայ մեգաաստղ Քիմ Քարդաշյանը երբեք անգործ չի նստում։ Թվում էր, թե ամուսնալուծության քաշքշուկի, չորս երեխաներ ունենալու, սեփական բյութի-իրերի արտադրանքները ստեղծելու արանքում Քիմը ազատ ժամանակ չի ունենալու։ Բայց արի ու տես, որ աստղը որոշել է հեռուստանախագծով հանդես գալ։
Քարդաշյանը Instagram-ի իր Stories-ում տեղադրել է խոսափողի տուփի լուսանկար՝ մակագրությամբ ՝ "Օր 1": Այս մասին տեղեկացնում է Digital Spy-ը։
Պարբերականը գրում է, որ Քարդաշյան-Ջեններ ընտանիքն աշխատում է նոր շոուի վրա Hulu հեռուստաընկերության հետ։ Կայքի տեղեկություններով՝ շոուն արդեն արտադրության մեջ է:
Այս տարվա հունիսին 14 սեզոն ունենալուց հետո ավարտվեց Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուն։ Քիմը այդ ժամանակ ասել էր, որ ընտանիքի շատ անդամներ հոգնել են անդադար տեսախցիկների ներկայությամբ ապրելուց, բայց վստահեցրել էր երկրպագուներին, որ իրենք երկար ժամանակով չեն բացակայելու էկրաններից։