ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik․ Տաթևից Աղվանի 43 կիլոմետրանոց ճանապարհահատվածը պատրաստ կլինի մինչև նոյեմբերի վերջ, տեղեկացնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկայնը Facebook-ում։
«Այն Կապան-Գորիս այլընտրանքային երթուղի է. 5.25 մլրդ դրամ է ներդրվել, որ ռազմավարական նշանակության այս հատվածը հնարավորինս արագ և որակյալ կառուցվի», - գրել է Պապիկյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Որոտան գյուղի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են բացել։ Սեպտեմբերի 11-ից նրանք կանգնեցնում են բեռնատարներին և ստուգում վարորդների փաստաթղթերը։ Մի քանի դեպք է գրանցվել, երբ ադրբեջանցիները վախեցրել ու խանգարել են հայկական մեքենաների երթը, օգնության են հասել ռուս խաղաղապահները։
Ադրբեջանցիները նաև ձերբակալել են իրանցի 2 վարորդի՝ Արցախ բեռներ տեղափոխելու պատրվակով։