ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Գորիս-Կապան մայրուղով տեղաշարժը պետք է իրականացվի նույն ռեժիմով՝ մինչև այլընտրանքային երթուղու կառուցումը, հայտարարել է Երևանում Իրանի դեսպանատունն ի պատասխան «Արմենպրեսի» հարցմանը։
Իրանի դեսպանատնից նշել են, որ հայ պաշտոնյաների բացատրությունները մեծ հույսեր են ներշնչում միջպետական ճանապարհի՝ Տաթևով անցնող այլընտրանքային ուղու արագ վերանորոգման վերաբերյալ։
«Իրանը հույս ունի, որ մոտ ապագայում ականատեսը կլինենք անվտանգ ենթակառուցվածք ունեցող ճանապարհի բացման: Միևնույն ժամանակ, իրանական կողմը ակնկալում է, որ մինչև այլընտրանքային ճանապարհի շահագործումը ընթացիկ ճանապարհով երթևեկությունը կշարունակվի իր բնականոն հունով», - ասվում է պատասխանի մեջ:
Նշվում է, որ վերջին ամիսներին դեսպանատունը, ՀՀ համապատասխան մարմինների հետ խորհրդակցելիս, փորձել է գնահատել Գորիս-Կապան ճանապարհի հատուկ վիճակը, դրա շահագործման հեռանկարները և տարբեր կողմերը՝ կապված այս ճանապարհից և այլ հնարավոր ճանապարհից ապրանքների և ուղևորների տարանցման հետ:
«Մենք հավատում ենք, որ Հայաստանի ցամաքային ճանապարհի անվտանգությունը, անկախ դրա դրական ազդեցություններից ներկայիս կապի հարթության վրա, կարող է տարածաշրջանի կայուն պատկերը ներկայացնել երկու երկրների և տարածաշրջանի գործարարներին ու ներդրողներին և ուղղորդել նրանց պլանավորելու իրենց տնտեսական գործունեությունը և բարձրացնելու փոխազդեցությունների մակարդակը", - հայտնել են դեսպանատնից:
Բացի այդ, երկկողմ ճանապարհի անվտանգությունը կարող է ցույց տալ Հայաստանի վստահելի դիրքը տարածաշրջանում խոշոր ենթակառուցվածքային նախագծերի խթանման գործում:
Հայաստանի իշխանությունների հետ խորհրդակցություններին զուգահեռ, Իրանը կապի մեջ է այլ կողմերի, այդ թվում ՝ Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ից Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներում տեղակայված ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռնատարների վարորդներին և գումար պահանջում ուղևորության համար: 2 վարորդ էլ ձերբակալվել է։