ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ խոսել է հայ ռազմագերիների խնդիրի մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման հրամայականը և խնդրի քաղաքականացման անընդունելիությունը։
«Հանդիպման ընթացքում շեշտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման և տևական ու համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Քննարկվել են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցները կարևորել են ջանքերի գործադրումը՝ դեէսկալացիայի և տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ։
Միրզոյանն ու Բորելը խոսել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման մասին ու գոհունակություն հայտնել այդ առիթով։ Անդրադարձ է արվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկմանը, քննարկվել են Արևելյան գործընկերության գալիք գագաթաժողովին վերաբերող հարցեր։