ԱԳՆ–ն ներկայացրել է Արարատ Միրզոյանի ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպման մանրամասները

Համանախագահների միջնորդությամբ սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել հնգակողմ հանդիպում՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Իգոր Խովաևի (Ռուսաստան) հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը ներկայացրել է սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայացած հանդիպման մանրամասները։
Ըստ հղորդագրության` զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանը:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել. ի՞նչ են առաջարկել Երևանին ու Բաքվին
Հայկական կողմն ընդգծել է, որ Հայաստանն աջակցում է 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համատեղ հայտարարություններին, որտեղ ընդգծված է հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։
Կողմերն առաջնահերթ են համարել տարածաշրջանում առկա իրավիճակի դեէսկալացիային ուղղված հստակ քայլերի իրականացումը։
Մտքեր են փոխանակվել հրատապ հումանիտար խնդիրների հասցեագրման շուրջ: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։
Համանախագահները վերահաստատել են հանձնառությունը՝ շարունակելու իրենց մանդատի համաձայն աշխատել կողմերի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և հակամարտության հետևանքով առաջացած խնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու համար։