ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի -Sputnik. Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան-Իվ Լը Դրիանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Սերգեյ Լավրովն ու Ժան-Իվ Լը Դրիանը պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը Լեռնային Ղարաբաղի իրադրության կայունացման ուղղությամբ, նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև միջազգային օրակարգի այլ արդիական թեմաներ։ Մանրամասն անդրադարձ է կատարվել Աֆղանստանում իրավիճակի զարգացմանը։ Երկու կողմն էլ պատրաստակամություն են հայտնել աջակցել այդ երկրում, նաև ՄԱԿ-ի ԱԽ-ի շրջանակներում խաղաղության և կայունության հաստատմանը։
Մտքեր են փոխանակվել Լիբիայում և Իրանի միջուկային ծրագրի շուրջ խնդիրների կարգավորման շուրջ։