Կարապետյանն ու ՀՀ–ում Կարմիր խաչի պատվիրակության ղեկավարը քննարկել են գերիների թեման

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարն ու Թիերի Ռիբոն կարևորել են գերեվարված անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
ԱՄՆ Կոնգրեսը պահանջում է ազատ արձակել հայ գերիներին․ նախագիծ է ընդունվել
Շնորհավորելով Արշակ Կարապետյանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Թիերի Ռիբոն բարձր է գնահատել երկու կառույցների միջև արդյունավետ համագործակցությունը, հույս հայտնելով, որ հետագայում համատեղ իրականացվող ծրագրերը ձեռք կբերեն էլ ավելի բարձր որակական մակարդակ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկվել են անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր:
Ալեն Սիմոնյանը բացատրեց` գերիների խոշտանգումը «հնարած» անվանելով ինչ նկատի ուներ
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցառումների և այդ ոլորտում ուսումնական ծրագրերի իրականացումը։
Հիշեցնենք` 44–օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստան է վերադարձել 105 գերի։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։
Թաթոյանը մանրամասներ ներկայացրեց Ադրբեջանում պահվող գերիների հանդեպ դաժան վերաբերմունքից