Հայաստանում ներդրումներից շահույթ ստանալու հնարավորությունները աստիճանաբար ավելի ու ավելի են նվազում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Արմեն Քթոյանը։
Նրա խոսքով` այս պահին այդպիսի 1-2, լավագույն դեպքում՝ 3 ոլորտ կա, որոնցից մեկն էլ գյուղատնտեսությունն է։ Սակայն այդ ոլորտներում շահույթ ապահովելու համար պետությունը լուրջ անելիքներ ունի։ Անհրաժեշտ է արդյունավետությունը խթանող ռազմավարություն մշակել և գործուն քայլեր ձեռնարկել այդ ոլորտների միջավայրը փոխելու ուղղությամբ։
«Բոլոր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության, մենք ունենք ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործման խնդիր։ Քիչ հողատարածքներ ունեցող երկրում հողատարածքների 1/3-ը չի օգտագործվում, մնացած մասն էլ անարդյունավետ է օգտագործվում»,- ասաց նա։
Քթոյանի կարծիքով` ոլորտը գրավիչ ու արդյունավետ կդառնա, եթե, օրինակ, պետությունը գնա գյուղատնտեսության խոշորացման ճանապարհով, ինչը, սակայն իր հերթին կարող է դժգոհության ալիք բարձրացնել և շահարկումների առիթ դառնալ, թե` եկել են մեր հողերը մեր ձեռքից խլեն։
«Սա անխուսափելի ուղի է, այլապես խաղողի մթերման ժամանակ մենք անընդհատ կունենանք փակված ճանապարհներ, թուրքական լոլիկի ներկրման համար կառավարության դիմաց բողոքի ակցիաներ և շատ նմանատիպ խնդիրներ։ Ինքդ պետք է կարողանաս սեփական ռեսուրսն այնպես արդյունավետ օգտագործես, որ քո մրցակցային առավելությունները ձևավորես և դրանք իրացնես»,- նշեց տնտեսագետը։
Նշենք, որ ՀՀ վարչապետն ու էկոնոմիկայի նախարարը բազմիցս հայտարարել են, որ Հայաստանում ներդրումային շուկան գրավիչ է, և կան մարդիկ, որոնք պատրաստ են գալ և խոշոր ներդրումներ անել։