Ադրբեջանը համակարգված պայքար է տանում Արցախում հայկական մշակութային արժեքների դեմ. ԱՀ ՄԻՊ

Գեղամ Ստեփանյանի խոսքով`ադրբեջանցիների արարքներն Արցախում ապրող հայերի նկատմամբ հանդուրժողականության իսպառ բացակայության վառ օրինակներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշների դեմ ծավալված մոլեգին պայքարն ադրբեջանական իշխանությունների և զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ այլատյացության վարքագծի հերթական դրսևորումն է։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նման հայտարարություն է արել Facebook–ի իր էջում։
Ստեփանյանը հիշեցրել է, որ Գորիս-Կապան ճանապարհին անչափահասների տեղափոխող ավտոբուսից սվիններով Արցախի պետականության խորհրդանիշները մաքրելու դեպքը, Արցախի տարբեր բնակավայրերից և շինություններից Արցախի դրոշը հեռացնելու պահանջներն Արցախում ապրող հայերի նկատմամբ ադրբեջանցիների հանդուրժողականության իսպառ բացակայության վառ օրինակներ են։

«Պետք է նկատի ունենալ, որ Արցախի պետականության խորհրդանիշները մեր մշակութային արժեքների անբաժանելի մաս են կազմում, ուստի դրանց նկատմամբ անհանդուրժողականությունը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը համակարգված պայքար է տանում Արցախում հայկական մշակութային արժեքների դեմ»,- գրել է Ստեփանյանը:

Նա ընդգծել է, որ պետականության խորհրդանիշները Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիքում ապրելու, ինքնությունը պահպանելու և ինքնորոշման իրավունքի խորհրդանիշներն են, որոնց նկատմամբ ցանկացած ոտնձգություն ինքնին ուղղված է ժողովրդի արժանապատվության և իրավունքների ընդհանուր համակարգի դեմ։
Ադրբեջանցիները կանգնեցրել են երեխաներ տեղափոխող ավտոբուսն ու դանակով քերել Արցախի դրոշը
Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին ադրբեջանցիները կանգնեցրել էին հայկական պեհամարանիշով ավտոբուսը, որը տեղափոխելիս է եղել արցախցի երխաների։ Ադրբեջանցի զինվորականը մեքենայի վրայից քերել էր Արցախի դրոշը, ապա ավտոբուսի մեջ նստած երեխաներին «սովորեցրել», թե ումն է Արցախը։
Ավելի ուշ նրանք պահանջել էին Ամարասի վանական համալիրից ու մոտակա հայկական դիրքերից հեռացնել Արցախի դրոշը։