ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին են խոսել ՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանն ու Ժան-Իվ Լը Դրիանը Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկուստեք հետարքրքություն ներկայացնող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
"Կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերություններին, տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր",–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին։
ԱՄՆ Կոնգրեսը պահանջում է ազատ արձակել հայ գերիներին․ նախագիծ է ընդունվել
Նախարար Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձումը։
Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։
Արցախի մշակութային ժառանգությունը ոչնչացման վտանգից պաշտպանելու կարիք կա. Միրզոյան
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 21–ին աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի աշխատանքներին։