Դրական արդյունքները երկար սպասեցնել չեն տա. Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին

ՀՀ փոխվարչապետը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման առնչությամբ առանձնացրել է Ռուսաստանի հատուկ և արդյունավետ դերակատարությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Նա հանդիպմանը մանրամասները ներկայացրել է Facebook–ում։
«Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և համոզված եմ, որ արդյունավետ համագործակցությունը շարունակվելու է: Շնորհավորել եմ ՌԴ դեսպանին ՌԴ Պետական դումայի ընտրությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք նոր նախադրյալներ են ստեղծում ծրագրերի ու գաղափարների իրականացման համար: Զրույցի ընթացքում շեշտել ենք ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Պետդումայի համագործակցության կարևորությունը հայ-ռուսական հարաբերությունների խորացման և ամրապնդման ուղղությամբ: Նշել ենք, որ երկու երկրներում ընտրություններից հետո բացվում է քաղաքական կայունության և որոշակիության շրջափուլ, ինչը կարող է նոր մակարդակի բարձրացնել միջխորհրդարանական համագործակցությունը»,– գրել է նա:
Вице-премьер Сурен Папикян встретился с послом России Сергеем Копыркиным (23 сентября 2021). Еревaн
Ըստ Պապիկյանի` Կոպիրկինը բարձր է գնահատել նախկինում ունեցած համագործակցությունը՝ նկատելով, որ լավ փորձ է կուտակվել, ինչի հիմքով առաջիկա ծրագրերի իրականացման համար լայն նախադրյալներ են ստեղծվել:
«ՌԴ դեսպանը արտահայտել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ բոլոր ոլորտներում համագործակցություն ծավալելու մասին՝ վստահությամբ, որ դրական արդյունքները երկար սպասեցնել չեն տա»,– նշել է փոխվարչապետը:
Հանդիպմանը ընթացքում դեսպանն ու Պապիկյանը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով անվտանգության, պաշտպանության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, նոր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հարցերին:
ՀՀ–ՌԴ ապրանքաշրջանառությունն այս տարվա առաջին կեսին կազմել է 1,9 մլրդ դոլար. փոխվարչապետ
Անդրադարձ են կատարել «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատանքին՝ ընդգծելով դրա նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, ինչպես նաև արժևորելով հանգամանքը, որ երկաթուղու կարողությունների թարմացումը նոր հնարավորություններ է բացում սոցիալ-տնտեսական ու հարակից ոլորտների շղթայական զարգացման համար:
Քննարկել են նաև արդյունավետ համագործակցությունն էներգետիկայի բնագավառում: Վերջինս Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, և ՀՀ կառավարության ծրագրի իրականացման համար կենսական է դրա բազմակողմանի զարգացումը: Այս համատեքստում անդրադարձ են կատարել «Ռոսատոմի» հետ համագործակցության ընդլայնմանը՝ ինչպես ԱԷԿ-ի նորոգման և արդիականացման ներկայիս աշխատանքներին, այնպես էլ նոր ատոմակայանի կառուցման անհրաժեշտությանն ու հեռանկարներին: Որպես հայ-ռուսական համատեղ գործակցության վերջին թարմ օրինակ՝ հիշատակել են Հայաստանում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» ռուսաստանյան միաբաղադրիչ պատվաստանյութի առաջին խմբաքանակների արտադրության փաստը:
«Տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման առնչությամբ առանձնացրել եմ Ռուսաստանի հատուկ և արդյունավետ դերակատարությունը՝ թե՛ եռակողմ ձևաչափի, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,– գրել է Պապիկյանը:
Նրա խոսքով` քննարկել են նաև Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով Ռուսաստանի կարևոր ու կառուցողական դերը լարվածության նվազեցման և ծագող խնդիրներին լուծումներ գտնելու տեսանկյունից:
Սուրեն Պապիկյանը և «Ռոսատոմի» գլխավոր տնօրենը քննարկել են ՀԱԷԿ–ի արդիականացման ընթացքը