ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Սիրիայի իշխանությունները Թուրքիայից պահանջում են անհապաղ դուրս բերել իրենց զինված ուժերը Արաբական Հանրապետության հյուսիսային տարածքներից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադը՝ մեկնաբանելով Իդլիբ նահանգում լարվածության վերջին սրումը։
«Ես կարծում եմ, որ Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի զորքերը։ Միջազգային հանրությունն իր հերթին պետք է աջակցի Սիրիայի ջանքերին, որոնք ուղղված են երկրի հյուսիսում իր գրավված տարածքների ազատագրմանը», - նշել է նախարարը։
Սիրիայի ԱԳ նախարարի կարծիքով ՝ այդ էսկալացիայի գլխավոր պատճառը «թուրքական օկուպացիան է, ինչպես նաև այն աջակցությունը, որն Անկարան ցուցաբերում է երկրի դեմ ահաբեկչական խմբավորումներին»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի Իդլիբ նահանգ է տեղափոխել լրացուցիչ 300 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում ՝ տանկեր և 4 000 մարտիկ: Նշվում է, որ կես տարվա ընթացքում սիրիական հողերում թուրքական ստորաբաժանումների ընդհանուր թիվը գրեթե 2 անգամ աճել է ։